ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրումը խորը մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլեւ արտաքին նոր գործոնների ազդեցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին հայտարարության մեջ:
«Ադրբեջանի կողմից առաջին անգամ այդպես բացահայտ և միանշանակ հանդես եկավ Թուրքիան: Բացի այդ, Ղարաբաղում բռնկված զինված դիմակայությունը, որպես մագնիս, իր մոտ է ձգում տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»,- ասել է Նարիշկին:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտի ակտիվորեն ներթափանցում են Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական, մասնավորապես, «Ջաբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ» կազմակերպություններից վարձկաններ:
«Ընդ որում, խոսքը հարյուրավոր ու արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել Ղարաբաղյան նոր պատերազմում: Մենք չենք կասկածում, որ միջազգային հանրության աջակցությամբ հակամարտության կողմերն ի վերջո կդադարեցնեն ուժի կիրառումը և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մեզ, սակայն, չի կարող չանհանգստացնել, որ Հարավային Կովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից պետություններ, այդ թվում ՝ Ռուսաստան»,- ասել է Նարիշկինը:
Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով` Ռուսաստանում տագնապով են հետևում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության սրմանը: Ռուսաստանի համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անթույլատրելի է տարածաշրջանում նոր պատերազմը
«Մենք նաև անտարբեր չենք, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվում են մեր բարեկամ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ներկայացուցիչները»,- նշել է Նարիշկինը: