Քաղաքականություն

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունը.

«Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։

Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների։

Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում