Ադրբեջանի ագրեսիան եղել է նախապես ծրագրված. Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ:

Անդրադառնալով հակառակորդի կողմից հնչող խեղաթյուրող ապատեղեկատվական հոսքերին՝ ԱԳ նախարարը նշել է. «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»:

ԱԳ նախարարը խորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով:

Նախարար Մնացականյանը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին չհետևելու Ադրբեջանի սադրիչ գործելաոճը: Ընդգծել է, որ ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

ԱԳ նախարարը ընդգծել է, որ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն ու ադրբեջանական ագրեսիային կապահովի համարժեք պատասխան։

Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման անքակտելի մասն է, և այս իրավունքի ուժով Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կարգավիճակն առանց որևէ սահմանափակումների։

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը