Սպորտ

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան

2 րոպեի ընթերցում

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ աջակցությունն հայտնելով սահմանապահ զինվորներին:

«Արցախն իր հնագույն պատմությամբ և ժամանակակից իրականությամբ անհնար է զատել Հայաստանից ու հայերից: Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին, քանզի անկոտրում է Հայոց ոգին։ Այսօր մենք բոլորս ենք Արցախ։ Սակայն համոզված եմ, որ ուժն ու բանականությունը լավագույնս դրսևորվում են բանակցության սեղանի շուրջ և ոչ պատերազմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Սաֆարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 50 ԱԹՍ, 80 զրահատեխնիկա՝ ներառյալ տանկ, 82 ավտոտրասնպորտ, 1 ինքնաթիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում