Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնութերորդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկու կտավները ժամանակավոր կզարդարեն Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը: Բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված չորս կտավում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց` հավաքածուն Հայաստան է բերվել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի աջակցությամբ, որը ոչ միայն հարգված իրավաբան, հոյակապ դասախոս, գիտնական, այլև մեծ արվեստասեր է:

«Այս ցուցահանդեսն իրականում երկկողմանի է: Ըստ համաձայնության` մենք մեր կողմից ցուցահանդես ենք կազմակերպելու Իտալիայի նախագահի նստավայրում: Հուսանք` ցուցահանդեսը կբացվի այս տարի, երբ ըստ պայմանավորվածության ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մինչև մեկ տասնյակ կտավ, գործեր որոնք ներկայացնում են մեր մեծագույն վարպետներին: Մենք չենք կարող ցուցադրություն իրականացնել Իտալիայում և մեզ հետ չվերցնել Այվազովսկու կտավներից որևէ մեկը, Մարտիրոս Սարյանի, Կոջոյանի և այլ հայտնի հեղինակների ստեղծագործություններ»,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ նախատեսում են ներկայացնել կտավներ ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահից, այլև անձնական հավաքածուներից:

Վերադառնալով իտալական ցուցահանդեսին` ՀՀ նախագահը շեշտեց, որ ցուցադրված է միջազգային նշանակություն ունեցող գեղանկարչություն: «Կտավները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է: Այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով: Վենետիկը մեզ մոտ ոչ միայն Մխիթարյան միաբանության համար. հայ առևտրականները Վենետիկի հետ կապված են եղել դարեր: Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ: Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաև տեղյակ են հայ ճարտարապետության և ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն: Հետևաբար` ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ այս օրը ջերմացնում է բոլորիս և մեկ անգամ ևս ցույց է տալիս երկու ժողովուրդների միջև և’ պատմական, և’ այսօրվա խորը, սերտ բարեկամական հարաբերությունները:

ՀՀ նախագահը բարձր գնահատեց նաև ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը ցուցադրության կազմակերպման հարցում` նշելով, որ դեսպանը հոյակապ ներկայացնում է Իտալիայի Հանրապետությունը Հայաստանում: «Եթե ինչ-որ տեղ Վենետիկը հայկական քաղաք է, ապա Իտալիայի Հանրապետության դեսպանն էլ ինչ-որ տեղ հայկական դեսպան է, քանի որ այն ջերմությունն ու նվիրումը, որ դուք ցույց եք տալիս առ Հայաստան շատ բարձր գնահատականի է արժանի»,-եզրափակեց ՀՀ նախագահը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց, որ հայ իտալական-հարաբերություններում մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մշակույթին և միշտ հայկական իշխանությունների, հատկապես ՀՀ նախագահի կողմից մեծ պատրաստակամություն է տեսնում:

Խոսելով ցուցադրությունում ներկայացված կտավների մասին` նա ասաց, որ դրանք պատահական չեն ընտրվել: «Չորս գործն էլ 18-րդ դարի են, պատկերում են Սան Մարկո հրապարակը և պատահական ընտրված չէ ժամանակաշրջանը, քանի որ այն շատ կարևոր էր հայ-իտալական հարաբերությունների համար: Հենց այդ դարաշրջանում հայր Մխիթարը հաստատվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում»,-ընդգծեց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ չորս ստեղծագործություններն էլ, չորս նկարիչներն էլ իրենց պատմություններով շատ մոտ են. բոլորն էլ եվրոպական պատմության կրողներ են, պատմություն, որը տարածվում է Իտալիայում, մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում: «Այդպիսով ճիշտ համարեցինք հենց նման ցուցահանդես կազմակերպել, քանի որ այս տարի Հայաստանում Եվրոպական միության մշակութային կազմակերպությունների ցանցի հերթական նախագահությունը ստանձնում է Իտալիան, ու այս ցուցադրությամբ տալիս ենք միջոցառումների մեկնարկը»,-շեշտեց Վինչենցո Դել Մոնակոն:

Իտալական արվեստի բացառիկ նմուշները բերվել են «Պաոլո-Կարոլինա Զանի» հիմնադրամի տուն-թանգարանից: Ցուցադրությունը կազմակերպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ:

Հայերեն Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ