Ադրբեջանը հարձակման հող է նախապատրաստում. Եգիպտացի վերլուծաբանն այդտեղ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին ուղղված մեղադրանքները վկայում են այն մասին, որ Բաքուն հող է նախապատրաստում հարձակման համար: Վերլուծելով տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի հայտարարությունները՝ «Realist Arabic» գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան դոկտոր Ամր Էլդիիբը կարծում է, որ Ադրբեջանը մոտ ապագայում նախապատրաստվում է հարձակման:

«Նման գործողությունների գնալու համար Ադրբեջանը համապատասխան հող է նախապատրաստում՝ իրականացնելով հակաքարոզչություն, տարածելով, շրջանառության մեջ դնելով որքան հնարավոր է շատ կեղծ լուրեր, ինչպես օրինակ, այն, թե իբր Հայաստանը քրդերին է բերում Հայաստան, Արցախ: Դա իհարկե, ակնհայտ կեղծ տեղեկություն է և տրամաբանությունից դուրս, ոչ ոք չի հավատա դրան, սակայն քաղաքական հարթությունում համապատասխան դաշտը ապահովելով՝ հարձակման դեպքում, Ադրբեջանն արդեն կասի, թե պաշտպանում է իրեն: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի նման հռետորաբանությունը, մեծ քանակությամբ մեղադրանքներ պարունակող հայտարարությունը հենց դրան է տանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանն՝ ավելացնելով, որ այս փուլում տեղեկատվական պատերազմ է, որից հետո չեն բացառվում կոնկրետ գործողություններ արդեն սահմանին:

Այս ամբողջ գործընթացը գալիս է Ադրբեջանի կողմից, սակայն վերլուծաբանն այստեղ հստակ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը: Ադրբեջանը կարող է գնալ էսկալացիայի, որի հետևում կլինի Թուրքիան, որը փորձում է ուժեղացնել իր դիրքերն այդ տարածաշրջանում: «Realist Arabic»-ի գլխավոր խմբագիրը պատահական չի համարում այն, որ հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողություններից, լարվածությունից անմիջապես հետո Ադրբեջանն ու Թուրքիան հանդես եկան համատեղ զորավարժություններով: Դրանից հետ Թուրքիան այնտեղ թողեց իր զորամիավորումների մի մասը: Վերլուծաբանի կարծիքով, Թուրքիան փորձում է Ադրբեջանում ամրապնդել իր դիրքերը, իսկ դա նշանակում է դիրքերի ամրապնդում Կովկասում և տարածաշրջանում:

«Ակնհայտ Թուրքիայի ձեռագիրն է: Նախորդ փորձը դիտարկելով՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան իր դիրքերն ուժեղացնելու համար օգտագործել է Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում եղած կոնֆլիկտները: Հիմա նույնը փորձում է անել Հարավային Կովկասում»,-ասաց նա:

Վերլուծաբանը գտնում է, որ Թուրքիան նաև այլ խնդիր է լուծում: Վերջին շրջանում Թուրքիայի գործողությունները մի շարք ուղղություններով Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում միանշանակ չեն ընդունվում միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, Արևելյան Միջերկրականում՝ Հունաստանի ափամերձ հատվածներում թուրքական նավերի գործողությունները քաղաքական դաշտում մեծ հակազդեցություն ստացան: Հունաստանը մարտական պատրաստության բերեց իր զինված ուժերը, կոչ արեց ԵՄ-ին «անհապաղ սկսել տարածաշրջանում խաղալ իրեն վայել դեր»: Ակտիվ դերակատարում ունեցավ Ֆրանսիան, ԵՄ-ի երկրները սկսեցին խոսել Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

«Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրականի հարցերի հետ կապված ներկայում Թուրքիայի նկատմամբ ուժեղ ճնշումներ կան: Հետևաբար չի բացառվում, որ Թուրքիան փորձելով դուրս գալ այդ ճնշումներից, գնա դեպի Կենտրոնական Ասիա, Հայաստան, Ադրբեջան: Ես կարծում եմ, որ չպետք է այդ հնարավորությունը տալ»,-ավելացրեց նա:

Այս համատեքստում, վերլուծաբանը կարևոր է համարում տարբեր երկրների հետ ջանքերը միավորելը: Բոլոր այն երկրները, որոնք սպառնալիք են զգում Թուրքիայի կողմից, պետք է կարողանան գործել համատեղ և անհրաժեշտության դեպքում միասին արձագանքել Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը:

Վերլուծաբանը կարևոր համարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս, որի ընթացքում անդրադարձ եղավ Թուրքիայի գործողություններին: Նա նկատեց, որ Եգիպտոսը և Հայաստանը մեծ ներուժ ունեն հարաբերությունները զարգացնելու ոչ միայն քաղաքական դաշտում, այլև մյուս ոլորտներում: Երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերը, հնարավորություններն օգտագործելով՝ անհրաժեշտ է զարկ տալ համագործակցության ակտիվացմանն այլ ոլորտներում: Դոկտոր Ամր Էլդիիբը հույս հայտնեց, որ առաջիկայում ևս կլինեն տարբեր մակարդակի պաշտոնյաների հանդիպումներ:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը