ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, դրա դերակատարությունը Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման և սփյուռքի մեր հայրենակիցների տեղեկացվածության գործում։
«Մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը լրագրողական հանրույթին ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը հատկապես առանձնացնելով «իԳործ»-ը, լիբանանահայերի ինտեգրման փաթեթը, հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը և այլն։
Մասնակիցների հարցերի շրջանակը լայն էր՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։
Հանդիպման ավարտին մասնակիցները և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման ձևաչափով քննարկումներիը պարբերաբար անցկացնելու հույս հայտնեցին՝ նպատակ ունենալով ամրապնդել նաև Հայաստանի և սփյուռքի միջև լրատվական հաղորդակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։