Կորոնավիրուսի պայմաններում անգամ գյուղատնտեսությունում ներդրումներ են արվում. փոխնախարար

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի առաջացրած անորոշությունների պայմաններում գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ են արվում: Մարդիկ, որոնք նախկինում չէին էլ մտածել գյուղատնտեսության մասին, սկսել են հետաքրքրություն ցուցաբերել: Կորոնավիրուսին չի հաջողվել անգամ էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի արտահանման ծավալների վրա: Շատ ու շատ մշակաբույսերի առումով Հայաստանը ինքնաբավ է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս և այլ թեմաների մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

-Պարոն Խոջոյան, կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունն այն եզակի ոլորտներից էր, որտեղ անկում չարձանագրվեց, ի՞նչ ցուցանիշներ կարող եք ներկայացնել , ինչո՞վ կպայմանավորեք դա:

-Ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփեց կիսամյակը, ըստ որի` գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 240 մլրդ դրամ: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.7 տոկոսով ավելի էր: Սա նշանակում է, որ չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, գյուղատնտեսության ոլորտում ներդրումները շարունակվում են: Գյուղարտադրանքի նկատմամբ պահանջարկը միշտ կա: Ամբողջ աշխարհում վերամշակված ապրանքների նկատմամբ պահանջարկն է մեծացել: Եվ տարբեր հանդիպումներում պահածոյագործներն արդեն նշում են, որ իրենց պատվերները 20-30 տոկոսով ավելացել են: Դա նշանակում է, որ պահածոյագործների մթերման հետ կապված ավելի շատ արտադրանք կունենանք:

-Կորոնավիրուսի շրջանում ընդգծվեց գյուղատնտեսության կարևորությունը՝ նաև պարենային ապահովման համատեքստում: Այս ամենից հետո պետության քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում կփոխվի՞, ավելի մեծ ուշադրություն կդարձվի՞ այս ոլորտին, կլինե՞ն ավելի շատ աջակցության ծրագրեր: Կորոնավիրուսի շրջանում նաև մարդկանց կողմից գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության բարձրացում նկատե՞լ եք:

-Համավարակը իր հետ շուկայում բերել էր բազմապիսի անորոշություններ: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ անորոշություններով հանդերձ ոլորտում իրականացվում են ներդրումներ: Ներդրումների ցուցանիշներից մեկն է, որ ձեռք է բերվում գյուղտեխնիկա, վերամշակող սարքավորումներ: Այս տարվա առաջին կիսամյակում պետական օժանդակության լիզինգի ծրագրով միայն ձեռք էր բերվել 284 միավոր գյուղտեխնիկա, 56 վերամշակող սարքավորում: Մարդիկ, որոնք երբևէ չէին էլ մտածել գյուղատնտեսության մասին, արդեն հետաքրքրվում են և ցանկանում են մի փոքր ներդրում ունենալ գյուղատնտեսության զարգացման մեջ: Կան դեպքեր, որ մարդիկ ուրիշ ոլորտից տեղափոխվել են գյուղատնտեսության ոլորտ նաև կորոնավիրուսի ընթացքում: Ոլորտներ կային, որ շատ տուժեցին, և բիզնեսները պետք է վերապրոֆիլավորվեին: Մայիս-հունիսին շատ հյուրատներ սկսեցին նաև արտադրանք տալ, վերամշակել:

-Համավարակը գյուղմթերքի արտահանման հարցում ի՞նչ դժվարություններ առաջացրեց, ի՞նչ լուծումներ տրվեցին դրանց:

-Արտահանման շուկայում տեսնում ենք բավականին լավ ցուցանիշներ: Հիմնական խնդիրը ապրիլին էր, երբ որոշակի դժվարություններ կային սահմանային կետերում բեռնատարների հոսքը ճիշտ կազմակերպելու հետ կապված: Հայկական բեռնատարները մեր անցակետերն անցնում էին ու Վրաստանում, հետո նաև Ռուսաստանի սահմանին բավականին հերթեր էին լինում: Եվ ապրիլին Երևանից մինչև Մոսկվայի շուկա բեռները հասնում էին 16-24 օրում, որը թարմ միրգ-բանջարեղենի համար անթույլատրելի է: Բայց ի ուրախություն մեզ, մայիսի սկզբից կարողացանք այդ խնդիրները կանոնակարգել մեր գործընկերների հետ, գործընթացը սահուն կազմակերպել: Կազմակերպվեցին նաև չարտերային թռիչքներ, կարողացանք և ցամաքային, և օդային տարբերակով արտահանումն իրականացնել: Զուգահեռ նոր շուկաներ սկսեցինք ուսումնասիրել, որովհետև համավարակը ստիպեց մեզ, նաև արտահանողներին, որ իրենց կոմֆորտ զոնայից մի փոքր դուրս գան, և բիզնեսի ռիսկայնությունը գնահատելով մտածեն՝ հնարավոր են այնպիսի դեպքեր, որ մենք այդ շուկաներում խնդիրներ ունենանք: Եվ ռիսկերը նվազեցնելու նպատակով պետք է պորտֆելը դիվերսիֆիկացնել: Եղան շուկայի ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե ինչ պայմաններ են գործում այդ շուկաներում և մեր արտադրողներն ինչ պահանջների պետք է համապատասխանեն: Եվ այդ ուղղությամբ մի քանի միջոցառումներ ենք ձեռնարկվել: Հունիսի 30-ին ամփոփեցինք դրամաշնորհային ծրագիր, որով 30 վերամշակող կազմակերպության 50 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով մինչև 25 մլն դրամաշնորհ ենք տրամադրում՝ իրենց արտադրական կարողությունները վերազինելու և սննդի անվտանգության համակարգեր ներդնելու համար: Սննդի անվտանգության այդ համակարգերը կարծես թե անձնագիրն են՝ դեպի այլ շուկաներ, եվրոպական շուկաներ: Եվ մենք համավարակի ժամանակ անմիջապես առաջին ներդրումը կատարեցինք, որպեսզի կարողանանք այդ անձնագրերը ձեռք բերել, այդ արտադրությունը կազմակերպելու համակարգերը ներդնել, վերազինել արտադրական կարողությունները, թարմացնել տեխնոլոգիաները: Օգոստոսի 15-ին հայտարարվեց ևս մեկ մրցույթ, որով ևս 20 վերամշակող գործարանի հնարավորություն կտանք այդ նույն գործընթացն իրենց գործարաններում իրագործել նույն սկզբունքներով:

-Օպերատիվ տվյալներով՝ գյուղմթերքի արտահանման ի՞նչ ծավալներ ունենք:

-Ընդհանուր առմամբ օպերատիվ տվյալներով (08.09.2020) Հայաստանից արտահանվել է մոտ 86 հազար 654 տոննա գյուղապրանք, որից պտուղ՝ մոտ 49 հազար 519 տոննա, իսկ բանջարեղենը՝ մոտ 37 հազար 135 տոննա: Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մոտ 15 հազար տոննա ավելի քիչ արտահանում է եղել: Սակայն ուրախալին այն է, որ սա արտահանման խնդիրների պատճառ չէ, այլ ծիրանի և խնձորի բերքի սակավության պատճառ: Ծիրան ավելի քիչ է արտահանվել, քանի որ ավելի քիչ ունեցանք, պատճառը հիմնականում եղանակային պայմաններն էին: Այս տարի օպերատիվ տվյալներով արտահանվել է 23 հազար 817 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա 19 հազար 481 տոննայի համեմատ: Արտահանվել է արդեն 3889 տոննա խաղող, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է մոտ 100 տոննայով, ելակ, ազնվամորու արտահանման ծավալը՝ 1179 տոննա, նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 1.5 անգամ: Կորոնավիրուսը գյուղմթերքի արտահանման վրա ըստ էության ազդեցություն չի ունեցել, եղանակը սակայն որոշակի ունեցել է:

-Խոսելով գյուղմերթի արտահանման մասին՝ չենք կարող չհիշել Մոսկվայի «Ֆուդ Սիթի»-ի հայտնի դեպքերը, ադրբեջանցիները սադրանքները, դա ծիրանի արտահանման ծավալի վրա որևէ ազդեցություն ունեցա՞վ, եղա՞ն պայմանավորվածություններ, որոնք չեղարկվեցին:

-Հայտնի դեպքերը արտահանման քանակի առումով բացարձակ ազդեցություն չունեցան: Բոլոր բեռնատարները ըստ պլանավորածի Հայաստանից մեկնել են Ռուսաստան: Նույնիսկ տարբերությունը դրական էր, «Ֆուդ Սիթի» մուտք գործելու համար մեկ բեռնատարի համար վճարում են մոտ 75-100 հազար ռուբլի: Այդ գումարներն այս անգամ փաստորեն չվճարվեցին: Կարելի է ասել, որ մի բան էլ շահեցին: Ամբողջ ծավալը սպառվեց, խնդիրները ժամանակի ընթացքում կարողացան հարթվել, մեր ապրանքները անարգել նորից մտնում են:

-Այսինքն Ռուսաստանում հայկական ծիրան չի փչացե՞լ:

-Միայն այն երկու արկղը, որ ադրբեջանցիները գնել և տրորել էին (կատակում է), այլ ծիրան չի փչացել:

-Պարոն Խոջոյան, համավարակի հետևանքների չեզոքացման նպատակով պետությունը մշակեց նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, դրանք հիմնականում արտոնյալ վարկերի տեսքով էին, որքա՞ն մարդ օգտվեց, եղան նաև դժգոհություններ, որ ոմանց բանկերը չեն տվել գումար:

-Նախկինում էլ կային գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում այդ նույն զարգացման ծրագրերի վարկի տոկոսը զրոյացվեց, միևնույն ժամանակ դրանցում կատարվեցին լրացումներ: Միայն կորոնավիրուսի երկրորդ միջոցառման շրջանակում արդեն շուրջ 24 հազար վարկ է տրամադրվել՝ 41.5 մլրդ դրամ ծավալով: Իսկ մինչև այդ միջոցառման սկիզբը, տարվա սկզբից տրամադրվել էր ևս 1700-ը: Այսինքն ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ 26 հազար վարկ, իսկ ծավալային առումով այդ գումարը կազմում է մոտ 48 մլրդ դրամ: Այսինքն` այդքան գումար արդեն մուտք է գործել գյուղատնտեսություն՝ սուբսիդավորվող վարկով: Մեր բոլոր ծրագրերով այս տարի ունենք գերակատարումներ, ակտիվություն կա: Սակայն ի սկզբանե որդեգրել էինք այս սկզբունքը, որ վարկը չպետք է լրացուցիչ բեռ դառնա ֆերմերի համար, ճիշտ վարկունակության գնահատումը շատ ենք գնահատում: Այդ ճիշտ վարկունակության գնահատման արդյունքում է, որ շատ մարդիկ դժգոհում են:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում