Հասարակական

ԿԽՄԿ-ի հետ քննարկվել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի հետ քննարկվել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն օգոստոսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի և դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

Հաշվի առնելով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների որդեգված նմանատիպ գործելաոճը պաշտպանության նախարարությունը դիմել է ԿԽՄԿ-ին առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում:

ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում