Հասարակական

Հայաստանում ներկայումս կա բեզոարյան այծի մոտ 1 500 առանձնյակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ներկայումս կա բեզոարյան այծի մոտ 1 500 առանձնյակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը կազմում է 1 000–1 500 առանձնյակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա գրառմանը կից տեղադրել է Խոսրովի անտառում գտնվող բեզոարյան այծի ուլիկների լուսանկար:

«Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ. գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի» (Vulnerable) կարգավիճակով: Բեզոարյան այծերի տեսակի արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայք), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան լանջերին, Որոտանի կիրճում, Արփայի գետի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է»,- հայտնել է ՇՄ նախարարը:

Պետրոսյանը նշել է, որ Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են և գրանցված միջազգային ու հայկական Կարմիր գրքերում:

Նախարարը հորդորել է ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին և պարզապես որսի սիրահար քաղաքացիներին դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության ու վերականգնման գործում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում