Հայրենիքի շահն անձնական ամբիցիաների տիրույթ չէ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր իրականությունում, ցավոք, շատ են մարդիկ, որ առիթ են փնտրում ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու։ Եթե առօրյա իրականությունում, մանր հարցերում մարդկային այս, մեղմ ասած, արատը տանելի է, բայց համապետական հարցերում նման դրսևորումներն ուղղակի անտանելի ու կործանարար են։

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան դեպքերը կրկին համախմբման մարտակոչի պես հնչեցին հայ ժողովրդի համար, ու կրկին դժվարին պահին այդ համախմբումը եղավ։ Բայց նաև եղան մարդիկ, որոնք հարմար պահը բաց չթողեցին սեփական էգոն ուրիշների աչքին բարձրացնելու, իրենց շահը առաջ տանելու և դիվիդենտներ շահելու համար։

Հասարակության տարբեր շերտերում եղել են ու կան նման մարդիկ։ Որոշ գործիչներ, այսպես ասած, իրենց պարտքն ու գործառույթն են համարում իշխանություններին բոլոր գործած և չգործած մեղքերի մեջ մեղադրելը, մյուսներն էլ փորձում են ինքնահաստատվել, բարձրացնել իրենց դիրքն ու հեղինակությունը՝ հասարակությանը հաճո խոսք ասելով։ Հուլիսյան դեպքերի հետ կապված ևս (նույնիսկ համաժողովրդական համախմբվան ֆոնին) ականատես եղանք վերոնշյալին։ Հետաքրքրական է, որ տարբեր դիրքորոշումներ ունեցող մարդիկ անկախ իրենցից գործեցին նույն սկզբունքով՝ տարանջատել բանակ-քաղաքական վերնախավ համագործակցությունը։ Պարզապես մի մասը շտապեց պնդել, թե երկրի իշխանությունները կապ չունեն հուլիսյան հաղթանակի հետ և բանակն է, որ պատժեց Ադրբեջանին, կանխեց նրա նախահարձակ ակտիվությունը և կրկին թույլ չտվեց նրան իրականացնել իր հայակործան ծրագիրը։ Եղան նաև մարդիկ, որ հաճոյանալու համար կամ անգիտակցաբար շտապեցին ելույթներ ունենալ, թե հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել է ՀՀ վարչապետի կողմից։ Ահա այստեղ է, որ առաջ է գալիս իմ՝ վերևում նշած կործանարար երևույթը՝ բաժանարար գիծ է դրվում երկրի քաղաքական ղեկավարության և բանակի միջև։

Չի կարող նման բան լինել և չպետք է լինի։ Ցանկացած խելամիտ մարդ գիտի՝ առանց վարչապետի որոշման, եթե անգամ շտապ հակագործողություններ իրականացնելու անհրաժեշտություն է ծագում, քայլ չի արվում, ցանկացած հայ համոզվել է՝ Հայոց բանակը հզոր է՝ իր զինվորով և հրամանատարով, և ամենաբարձր մակարդակով իրականացնում է իր առջև դրված խնդիրները։ Այո, ռազմական պլանավորումը բանակի հզոր և հմուտ հրամանատարների ձեռքերում է, բայց դրանց համակարգումն ու քաղաքական համատեքստում (այդ թվում միջազգային) իրացումը վարչապետի գործառույթն է, և ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, պետք է ասել, որ նա չսխալվեց իր կայացրած որոշման մեջ։ Տարանջատել այս երկու զուգահեռ, նույնչափ կարևոր եղելությունները, ուղղակի չի կարելի, վտանգավոր է, կրկին ասում եմ՝ կործանարար է։

Ընկերնե´ր, ուշքի´ եկեք, մի՞թե ձեր նպատակը թշնամու ջրաղացին ջուր լցնելն է, սա ձեզ համար քաղաքական խաղերի և ամբիցիաների տիրույթ չէ, գիտակցե´ք այս ամենի լրջությունն ու հեռո´ւ խաղացեք։ Խոսքը հայրենիքի մասին է և բոլորիս է վերաբերվում՝ մեկ առ մեկ։

Մխիթար Առուստամյան

Նամակ «Արմենպրես»-ի խմբագրությանը

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին