ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոդելային կազմվածքով, երաժշտական տվյալներ ունեցող աղջիկներին բացահայտելու և հանրությանը ներկայացնելու նպատակով Հայաստանում կանցկացվի Miss Singer Armenia երաժշտական մրցույթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը նախատեսված է իրականացնել հեռուստատեսային ձևաչափով:
Նախագծի համակարգող Արմինե Մուրադյանը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մրցույթը մեկնարկում է «Միսս Երևան» Փրոդաքշնի և «21 TV» հեռուստաընկերության համատեղ ջանքերով։ Նախ կանցկացնեն քասթինգ, որին կարող են մասնակցել 15-30 տարեկան աղջիկները։ Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն 24 մասնակցին, որոնց հետ մեկ ամիս աշխատանքներ կտարվեն։ Մասնակիցները կկատարեն հայտնի հիթերի cover տարբերակները:
«Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցներն ունենան հմայիչ արտաքին, երաժշտական ունակություններ, գեղեցիկ ձայն։ Սա միայն երգի մրցույթ չէ. գեղեցկուհիները պետք է նաև մոդելային հմտություններ սովորեն։ Հիմնական գաղափարը` աղջիկներից լավագույն շոու ցուցադրողներ, նոր աստղեր «ստանալն է»,-նշեց նա:
«21TV» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը շեշտեց, որ, ի տարբերություն երաժշտական այլ նախագծերի, որոնց շրջանակում ժյուրիի անդամները երբեմն ծաղրական վերաբերմունք են թույլ տալիս մասնակիցների հանդեպ, ինչը շոուի պահանջներից է, այս դեպքում իրենք են մշակել մրցույթի կանոնները: Նրա խոսքով՝ սա պրոդյուսերական նախագիծ է։
Miss Singer Armenia հեռուստաշոուի հաղթողը որպես մրցանակ կունենա սեփական երգը, որի հիման վրա տեսահոլավակ կնկարահանվի: