Ամեն օր նամակներ եմ ստանում իմ երկրպագուներից. Աստղիկ Սաֆարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղեցիկ, ինքնատիպ, ոճային երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը տևական ժամանակ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում, խոստանում է համավարակի ավարտից հետո վերադառնալ հայրենիք և երկրպագուներին ներկայանալ նոր տեսահոլովակներով ու համերգային ծրագրերով:

«Արմենպրես»-ի թղթակի հետ զրույցում երգչուհին պատմեց կորոնավիրուսը հաղթահարելու, ոճային աքսեսուարների և առաջիկա ծրագրերի մասին:

«Մեկուսացման շրջանը երկար տևեց. այնուամենայնիվ, հետաքրքիր էր, քանի որ կարողացանք ժամանակ տրամադրել ինքներս մեզ վերաճանաչելու, խորհելու շատ թեմաների շուրջ, այնինչ նախկինում ուղղակի ժամանակ չէինք գտնում այդ ամենի համար: Շատ նոր գաղափարներ, մտահղացումներ են ծնվել, որոնց ուղղությամբ աշխատելով՝ կարող ենք կյանքի կոչել դրանք»,-նշեց նա:

Աստղիկ Սաֆարյանն ունի աքսեսուարների սեփական ապրանքանիշը: Այս օրերին հավաքածուն հարստացրել է նոր նմուշներով, որոնք օգնում են աղջիկներին ավելի գեղեցիկ ու ճաշակով լինել:

Երգչուհու խոսքով՝ մեծ մասամբ ներկայացնում է գլխարկների լայն տեսականի, որոնց դիզայնի հեղինակն ինքն է: «Առօրյայում և բեմում տարբեր աքսեսուարներ եմ օգտագործում կերպարս ամբողջացնելու համար: Իմ ստեղծած ապրանքանիշի գլխարկներն ու այլ աքսեսուարները հիմնականում ստեղծվում են Իսպանիայում: Ես կրում եմ դրանք և լուսանկարներով ներկայացնում հանրությանը: Այդպես իմ այն հետևորդներին, որոնք սիրում են գլխարկներ, ցուցադրում եմ մեր նորությունները՝ փորձելով օգտակար լինել ոճին վերաբերող խորհուրդներով, նշում եմ, թե ինչպես ճիշտ կրել այս կամ այն իրը, ինչ հագուստով համադրել և ինչ հետաքրքիր կերպարներ ստեղծել: Իհարկե, ամեն մարդ յուրովի է մատուցում աքսեսուարը, բայց, փոքրիկ ուղղություն տալով՝ օգնում ես նրանց ավելի հեշտ կողմնորոշվել»,- նշեց երգչուհին:

Խոսելով Իսպանիայում համերգային ծրագրերով հանդես գալու մասին՝ նա նշեց, որ ժամանակ առ ժամանակ փակ երեկույթների է մասնակցում որպես երեկոյին հատուկ հրավիրված երգչուհի և գեղեցիկ ելույթներ է ունենում: Այդ երեկոների մեծ մասը չի լուսաբանվում, բայց կազմակերպվում են բարձր մակարդակով: Հիմնականում ընտանեկան փակ միջոցառումներ են:

Սաֆարյանն ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում Հայաստանում ապրող երաժշտասերներից, որոնք ջերմ և անկեղծ խոսքերով ոգևորում են նրան: Գրում են, որ նրան սպասում են հայրենիքում, սիրում ու կարոտում են և՛ նրան, և՛ նրա երաժշտությունը: «Հավատացեք՝ ես էլ եմ շատ կարոտել լսարանիս և նրա հետ հանդիպումներին: Ցավոք, այս տարի դեռ չեմ կարողացել գալ Հայաստան, բայց, երբ հնարավոր լինի վերադառնալ, խոստանում եմ նոր երգերով, նոր տեսահոլովակներով ներկայանալ երկրպագուներիս»,- եզրափակեց Աստղիկ Սաֆարյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն