Հասարակական

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը նվազել են. ԽԱՊԿ-ի զեկույցը

5 րոպեի ընթերցում

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը նվազել են. ԽԱՊԿ-ի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար շարունակել է մնալ բարդ ժամանակաշրջան՝ պայմանավորված կորոնավիրուսի չնահանջող համաճարակով և ներքաղաքական լարված իրավիճակով։

«Արմենպրես»-ի մամուլի սրաhում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ)նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: Արձանագրվել են ինչպեսճնշումներ ու լրագրողական գործունեությունը խոչընդոտելու դեպքեր, այնպես էլ ֆիզիկական բռնություններ, ինչը չկար նախորդ եռամսյակում։

«Համավարակով պամանավորված՝ լրագրողների իրավիճակը,իսկապես բարդացել է, մենք տեսնում ենք, որ բավական հաճախ են լրատվամիջոցներում հնչում հարցարդումներ, թե էթիկայի տեսնակյունից ինչպես պետք է ներկայացնեն համավարակի հետ կապված փաստերը: Թեպետ մի քանի ամիս արդեն անցել է, սակայն հարցերը շարունակում են գալ: Լրագրողներն այն առաջամարտիկներն են, որոնք իսկապես շատ վտանգավոր պայմաններում են աշխատում, քանի որ անմիջական շփումների անհրաժեշտություն է եղել: Առիթ եմ ունեցել ասելու, որ հասարակությունը ոչ միայն բժիշկներին պետք է շնորհակալ լինի իրենց անձնուրաց աշխատանքի համար, այլև լրագրողներին»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն երկրորդ եռամսյակում գրանցել է ֆիզիկական բռնության 2 դեպք, որոնց ժամանակ տուժել է առնվազն 6 լրագրող։ Դրանք տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանկազմակերպած ակցիաների ժամանակ։ Լրագրողական կազմակերպություններն այս առթիվ հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ ուղղված ոստիկանությանը, որից հետո դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել, և նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակն առանձնացավ նաև լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցերով: Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը կազմում է 23: Մեկ դեպքում լրագրողը դիմել է դատարան՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման առնչությամբ, իսկ 22 հայց ներկայացված է ընդդեմ լրատվամիջոցների՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Սա 10-ով ավելի է նախորդ եռամսյակի տվյալներից։

«Այս ցուցանիշը մտածելու տեղիք է տալիս, քանի որ մի կողմից՝ օբյեկտիվ իրավիճակն այնպիսին է, որ լրատվամիջոցներում շատ է վիրավորանքը, զրպարտությունը, ատելության խոսքը, բայց մյուս կողմից՝ դատական հայցերի այս քանակը կաշկանդում է լրատվամիջոցներին»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Արդյո՞ք դատական գործընթացներն իրենց ազդեցությունը չեն թողնի ոլորտի կարգավորման ընթացքի վրա. այսհարցին ի պատասխան՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրապես անկախ դատական համակարգի պայմաններուվ կարող էին նման բան ասել: Ամեն դեպքում այս փուլում կա մտահոգություն՝ լրատվամիջոցների դեմ անհարկի գործընթացների հետ կապված:

Ըստ կոմիտեի զեկույցի՝ երկրորդ եռամսյակն առանձնացավ նաև այն հանգամանքով, որ ճնշումները նվազեցին: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերի թիվը եղել է 50, ընթացիկ տարվա երկորրդ եռամսյակում՝ 34: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկին նվազում է նկատվում:

Երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը գրանցել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 26 դեպք: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում լրատվամիջոցները շատ հազվադեպ են դիմում դատարան: Մասնավորապես, հաշվետու ժամանակաշրջանում ընդամենը մի դեպքումէ լրագրողը դիմել դատարան:

«Թեպետ իշխանությունները սոցիալական ցանցերի միջոցով ամենօրյա ուղիղ կապի մեջ են եղել հանրության հետ, իսկ երկրի վարչապետը տվել է նաև իր հերթական 5­-ժամանոց ասուլիսը՝ պատասխանելով շուրջ 70 հարցի, այդուհանդերձ, պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությունը ոչ միշտ է ժամանակին և ամբողջական հասանելի լինում լրատվամիջոցներին, ինչը հարուցում է վերջիններիս դժգոհությունը»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակին, ապա Աշոտ Մելիքյանը նշեց, որ այն բարվոք է: Նա նկատեց, որ հայաստանյան լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ զերծ են իշխանությունների վերահսկողությունից, բաց մյուս կողմից՝ որոշ դեպքերում սպասարկում են քաղաքական հովանավորների շահերը: Այստեղ շատ կարևոր է լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում