Սփյուռք

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը

3 րոպեի ընթերցում

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցի ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը: Ավելի վաղ այնտեղ էին հասել Ֆրանսիայի հայերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության ֆոնին միասնության ցույց էին իրականացնում հայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակից, Հայորդի երիտասարդաց միության նախագահ Դավիթ Հովսեփյանն ասաց, որ ակցիային մասնակցել է 250-300 հայ: «Հավաքվել էինք այնտեղ, որպեսզի ցույց տայինք, որ հայերն ամեն վայրկյան, ամեն րոպե պատրատ են համախմբվել: Ադրբեջանցիները պետք է լինեին մեր հյուպատոսարանի դիմացի մայթին, բայց մենք այնքան շատ էինք, որ ոստիկանությունը նրանց թույլ չտվեց մոտենալ շենքին: Նրանց մոտավորապես 150 մետր հեռավորության վրա էին պահում»,-պատմեց Հովսեփյանը:

Նա նշեց, որ ակցիայի հայ մասնակիցների դիմաց մոտ 3 կամ 4 ոստիկան է կանգնած եղել, իսկ ադրբեջանցիների մոտ 2-3 մեքենայով ոստիկաններ են եղել, որոնք փակել են ճանապարհները, քանի որ գիտեին, թե ովքեր են իրական ագրեսորները:

Ճանապարհները փակելուց հետո ոստիկաններից մեկը մոտեցել է Դավիթ Հովսեփյանին ու տեղեկացրել, որ ադրբեջանցիներին թույլ չեն տալու մոտենալ կառույցին և նրանց հեռու են պահելու: «Մենք կրկին հաղթող դուրս եկանք, քանի որ ադրբեջանցիները հյուպատոսարանի շենքի դիմաց կանգնելու թույլտվություն ունեին, իսկ մենք չունեինք, բայց ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում: Նրանք մեր դրոշից շատ հեռու մնացին: Մենք մեր ներկայությամբ թույլ չտվեցինք, որ ադրբեջանցիները մոտենան մեր կառույցին, մեր դրոշին: Դա մեզ համար ևս հաղթանակ է, ու նրանք պետք է հասկանան, որ սփյուռքի հայերի դեմ ևս ոչինչ անել չեն կարող: Ինչպես առաջնագծում են ջախջախվում հերոս զինվորների կողմից, այնպես էլ պետք է ջախջախվեն սփյուռքի կողմից»,-շեշտեց ակցիայի մասնակիցն ու հավելեց, որ բախումներ չեն եղել, իսկ ակցիայի ավարտին ոստիկանները հայերին շնորհակալություն են հայտնել կարգուկանոն պահպանեու համար:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում