Ադրբեջանը կրկին ներգրավվել է Իսրայելի հակաիրանական գործողություններում

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 25-ից՝ անցած 2 շաբաթների ընթացքում, թվով 6 հանելուկային պայթյուններ են գրանցվել Իրանի տարբեր նշանակության ռազմական, միջուկային քաղաքացիական կարևորության օբյեկտներում։ Վնասված կառույցներից ամենանշանակալիցը, թերևս, Փարչին ռազմարդյունաբերական համալիրն է և Նաթանզ քաղաքի շրջակայքում գտնվող ուրանի հարստացման կենտրոնը։ Չնայած զգալի մարդկային կորուստներ չեն արձանագրվել, այդուհանդերձ, տարբեր հետախուզական տվյալների համաձայն՝ էականորեն վնասվել է նշված օբյեկտների բնականոն գործունեության ընթացքը։ Վնասված կառույցների գործառույթները, դրանցում արձանագրված պայթյունների տրամաբանական կապը նաև տարբեր հետախուզական և վերլուծական կենտրոններում հիմք է հանդիսացել արտաքին հետքի հնարավորության վարկածի քննարկման՝ ակնարկելով, անշուշտ, Իսրայելի տարաբնույթ գործողությունների հավանականությունը։ Եվ, թեպետ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ՊՆ Բենի Գանցը, ԱԳՆ Գաբի Աշքենազին ցուցադրաբար անտեսել կամ լղոզել են թեմայի վերաբերյալ լրագրողական հարցումները, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Թել Ավիվի կողմից հակաիրանական թիրախավորված գործողությունների մասին բարձրաձայնումները, ընդհանուր առմամբ, խիստ հազվադեպ են լինում։ Ի, հակադրություն, գրեթե ամենօրյա պարբերականությամբ պաշտոնական տարբեր մակարդակներում հնչում են ռազմավարական մոտեցումները՝ Իսրայելը կանի ամեն հնարավորը, որպեսզի՝

  1. Իրանի զինանոցում չհայտնվի միջուկային զենք
  2. Սահմանափակվի Իրանի հրթիռաշինության ոլորտի զարգացումը
  3. Չեզոքացվի Իսրայելի հարևանությամբ Իրանի ազդեցության տարածումը։

Վերոնշյալի համատեքստում, հարկ է նշել, որ COVID-19-ի համավարակի պատճառով աշխարհում և Մերձավոր Արևելքում ստեղծած աշխարհաքաղաքական, առողջապահական, սոցիալ-տնտեսական խնդրահարույց իրավիճակն օգտագործվում էտարածաշրջանային մի շարք դերակատարների կողմից՝ ինքնուրույն կերպով սեփական տարաբնույթ մարտահրավերների ամբողջական կամ ժամանակավոր լուծման, ռազմավարական դիրքերի բարելավման նպատակով։ Նշված երկրներից են, օրինակ՝ Թուրքիան, Իսրայելը, ԱՄԷ-ն, որոնք օգտվելով տարածաշրջանային մրցակիցների, միջազգային կառույցների՝ այլ խնդիրներով զբաղվածությունից, ինքնուրույն փորձում են լուծել սեփական խնդիրները։ Որպես օրինակ, չնայած միջազգային հանրության խիստ դժգոհությանը, Իսրայելընախաձեռնել է դե-յուրե պաղեստինցիներին պատկանող Հորդանան գետի Արևմտյան Ափի և Հորդանանի հովտի բռնակցման ծրագրի իրականացումը, վերջին 3 ամիսների ընթացքում ավելի է ակտիվացրել Իրանի դեմ ռազմավարական նշանակության թիրախային գործողությունները Սիրիայում, Իրաքում, Գազայում։ Չի բացառվում նաև Թել Ավիվի համար ամենհանգուցային խնդրի՝ Իրանի միջուկային ծրագրի իրականացման առնվազն ժամանակավոր կասեցումը հենց այդ երկրի տարածքում՝ նպատակային տարաբնույթ գործողությունների միջոցով։

Ի դեպ, հարկ է նշել, որ հրեական պետությունը սեփական խնդիրների լուծման համար պարբերաբար օգտագործում է այլ երկրների ենթակառուցվածքները, օրինակ՝ Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի օդային տարածքները և ոչ միայն։

Ինչ վերաբերում է բուն Իրանի ներսում ծրագրված գործողություններին, ապա Թել Ավիվում դրանց համար առավել հաճախակի դիտարկվել է հյուսիսային հարևանի՝ Ադրբեջանի տարածքը և դրանում ավելի քան 1 տասնամյակ ամրապնդված ռազմական և հետախուզական ենթակառուցվածքները՝ ընդ որում, գուցե նաև առանց Բաքվի իշանությունների իմացության։

Վերոնշյալի համատեքստում, պատահական չէ, որ Իրանում տեղ գտած շղթայական միջադեպերը կապվում են հենց իսրայելական հատուկ գործողությունների հետ, մասնավորապես՝ ցանցահենային հարձակումներ, օդային հարվածներ, պայթուցիկ սարքերի կիրառմամբ գործողություններ։Օրինակ, Թեհրանից 30 կմ հարավ-արևելք գտնվող Փարչին ռազմարդյունաբերական համալիր գազի տերմինալում հունիսի 25-ին տեղի ունեցած «խորհրդավոր» պայթյունը գնահատվում է որպես իսրայելական կիբերհարձակման արդյունք։

Մինչդեռ,Սպահան նահանգի Նաթանզ քաղաքի շրջակայքում գտնվող ուրանի հարստացման կենտրոնի ստորգետնյա հատվածում հուլիսի 2-ին գրանցված «հզոր պայթյունի»վերաբերյալ վարկածները տարբեր են։ Այս համատեքստում հանգուցային նշանություն ունի գործողության ուղղակի արդյունքը՝ առնվազն մի քանի ամսով, անգամ շուրջ 2 տարով արգելակվել է Իրանի միջուկային ծրագիրը։ Նաև իրանական պաշտոնական արձագանքների և լրատվական հրապարակումներիվրա հիմնվելով՝ կարելի հավաստել միջուկային օբյեկտի դեմ իրականացված հատուկ գործողության կամ դիվերսիայի տարբերակը․մատնանշվում էնաև իսրայելական կիբերհարձակման հնարավորությունը։Շատ ավելի փաստարկված են միջազգայինվարկածները։ Ռուսական մի շարք աղբյուրներմիջադեպըգնահատում են որպես «անհայտ ծագման ռազմական ինքնաթիռների» հատուկ գործողության արդյունք, իսկ ամերիկյան The New York Times-ը՝ պայթուցիկի կիրառմամբ իրականացված գործողություն։Հետևաբար, ինչն է հանգուցային՝ նշված բոլոր վարկածներում՝ և՛ իրանական, և՛ միջազգային, ուղղակիորեն նշվում կամ ակնարկվում է՝ «իսրայելական հատուկ գործողություն Ադրբեջանի օդային կամ ցամաքային տարածքի կիրառման հնարավորությամբ»։Հարկ է նշել, որ նման գնահատականների արժանահավատությունը հիմնավորված է այն իրողությամբ, որ Նաթանզի միջուկային օբյեկտը մշտապես գտնվել է ամերիկա-իսրայելական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար ենթարկվելով տարաբնույթ գործողությունների՝ ընդ որում, նաև Ադրբեջանի ենթակառուցվածքների կիրառմամբ։Ի դեպ, որպես նշվածի գործնական հավաստում կարելի է դիտարկել նաև նշված միջադեպերից հետոԻրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին զենիթահրթիռային համալիրների տեղակայումը։

Այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր ենթակառուցվածքներով կամա, թե ակամա կրկին ներքաշվելու էր ԱՄՆ-ի և Իսրայելի հակաիրանական ռազմավարության իրացման հատկապես լոգիստիկ և ռազմականգործընթացներում, կանխատեսելի էր դեռևս Սպիտակ Տանը Դոնալդ Թրամփի վարչակազմի հաստատումից և 2018թ․մայիսին Իրանի միջուկային համաձայնությունից Վաշիգտոնի միակողմաիորեն դուրս գալուց հետո։ Ենթադրելի էր նաև, որ այս հարցը դեռևս 2018թ․ հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս, մասնավորապես Ադրբեջան կատարած այցի բովանդակության առանցքային բաղադրիչներից մեկն էր։ Ընդ որում, անցած 2 տարիների ընթացքում հակաիսրայելական և հակաամերիկյան տարաբնույթ գործողություններում Ադրբեջանի ներգրավման մասին ակնարկել են ինչպես Իրանի, այնպես էլ անգամ Իրաքի բավականաչափ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ։ Ի դեպ, ադրբեջանական ենթակառուցվածքների օգտագործման վերաբերյալ տարաբնույթ շեշտադրումներեն կատարվել անգամ ընթացիկ տարվա հունվարին Բաղդադում ամերիկյան հատուկ գործողության արդյունքում Իրանի ԻՀՊԿ Ղոդս հատուկ ստորաբաժանման հեղինակավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցում։

Ի դեպ, Իրանում տեղի ունեցած նշված միջադեպերի հետ կապված Ադրբեջանի ներգրավման վերաբերյալ օբյեկտիվ գնահատականներիյուրօրինակ ցուցիչ ենդրանց դիմագրավելու հարցում այդ երկրի ՊՆ-ի և ադրբեջանական քարոզչամեքենայի «հերքման» և «արդարացման»հապճեպ փորձերը։ Հրապարակումների հիմնական բովանդակությունն էլ արդեն սովորական դարձած տրամաբանության մեջ է՝ Ադրբեջանի դեմ իրականացվող քարոզչության հետևում Հայաստանի ազդեցությամբ գործող կամ հայամետ շրջանակներն են, իսկ Իրանում տեղ գտած հարձակումների պատասխանատուն այդ երկրում գործող ահաբեկչական խմբավորումներն են։ Ի դեպ, վերջին «հիմնավորման» համար որպես փաստական նյութ կիրառվել են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայությունների հովանավորության վերաբերյալ իրանական ԶԼՄ-ների պարբերական անդրադարձները։

Ամփոփելով կարելի է հաստատել, որ ինչպես նախկինում է բացմիցս կանխատեսվել, Ադրբեջանը վերականգնել է ամերիկա-իսրայելական հակաիրանական շղթայում առանցքային օղակի դերակատարումը։ Եվ, իհարկե, քանի դեռ Իրանի դեմ ռազմավարության հարցում համընկնում են Վաշինգթոնի և Թել Ավիվի սկզբունքային մոտեցումները, Իրանի դեմ տարաբնույթ գործողություններում Բաքվի ներգրավման վերաբերյալ տեղեկատվությունը կրելու է ավելի պարբերական բնույթ։

Արմեն Պետրոսյան

Հայերեն