Բարձրակարգ ֆիլմեր, սպասված հանդիպումներ. «Ոսկե ծիրանը» կանցկացվի կենդանի, քաղաքային մթնոլորտում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան ամառները գունազարդող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի կանցնացվի նոյեմբերին: Փառատոնի շրջանակում կինոյի երկրպագուները հնարավորություն կստանան դիտել հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր: Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն կինոարվեստի հայ նվիրյալների աստղերը:

Սպասվող կինոփառատոնի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ:

- Համավարակի տարածման պատճառով այս տարի մի շարք փառատոններ անցկացվում են առցանց հարթակում: Ի՞նչ ձևաչափով է կազմակերպվելու «Ոսկե ծիրանը»: Փառատոնի անցկացման ժամկետները հստակեցվա՞ծ են:

- Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փառատոնը կկայանա նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը: Ամեն ինչ անում ենք, որ հրաժարվենք օնլայն ձևաչափից՝ համոզված լինելով, որ «Ոսկե ծիրանի» դեպքում միշտ կարևոր է եղել կենդանի, քաղաքային մթնոլորտը։ Իհարկե, իր մասշտաբով փառատոնը, հնարավոր է, ավելի սակավամարդ ու համեստ լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ ոք չգիտի, թե կոնկրետ նոյեմբերը որքան և ինչ տեսակ սահմանափակումներ կունենա։ Բայց դա բնավ չի նշանակում, որ առցանց տիրույթում միջոցառումներ ու անելիքներ չենք ունենա։ Որոշելով «չկորցնել» ավանդական փառատոնային հուլիսը՝ իրականացնելու ենք փառատոնի արտադրական և կրթական մասը՝ GAIFF Pro նախաձեռնությունը: Ինչպես և նախորդ տարիներին, ստացել ենք տարբեր երկրներից նախագծերի հայտեր և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջատար միջազգային փորձագետների հետ առցանց անցկացնելու GAIFF Pro հարթակի աշխատանքները:

Կա մեկ այլ կարևոր պարտք և արարողություն, որը սկսելու ենք հենց հունիսից: Խոսքը Շառլ Ազնավուրի հրապարակում պատվավոր աստղերի բացման մասին է: Այս տարի տոնելու ենք ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Աղասի Այվազյանի 95, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

- «Ոսկե ծիրանի» շրջանակում մշտապես հնարավորություն ենք ունենում դիտել Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններում ներկայացված և քննադատների բարձր գնահատականին արժանացած ֆիլմեր: 2020-ին ի՞նչ անակնկալներ են մեզ սպասում:

- Խոշոր փառատոններից միայն երկուսին բախտ վիճակվեց 2020-ին նախորդել կորոնավիրուսին և անցկացվել կենդանի ձևաչափով: Խոսքը Ռոտերդամի և Բեռլինի միջազգային կինոփառատոնների մասին է: Բանակցում ենք այդ կինոփառատոններում ներկայացված ամենակարևոր ֆիլմերի երևանյան պրեմիերաները կազմակերպելու շուրջ:

Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա, նոյեմբերից բացի, հուլիսին ևս որոշակի փառատոնային ակտիվություն ցուցաբերելը արդեն իսկ անակնկալ է, մնացածն էլ՝ ընթացքում:

- Այս տարի քանի՞ մրցութային անվանակարգ է լինելու: Հատուկ մրցանակներ նախատեսվո՞մ են: Արդեն հստակ թիվ կա՞, թե քանի երկրից մասնակցության քանի հայտ է ներկայացվել:

­ Մրցութային ծրագրերն անփոփոխ են. դեռևս նախորդ տարվանից վերագործարկված «Կորիզը»՝ տարածաշրջանային կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը, «Տարածաշրջանային համայնապատկեր» լիամետրաժ ծրագիրը, միջազգային մրցութային ծրագիրը, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ», «Ծուռ ծիրան» և ետահայաց ցուցադրություններ:

Հայտերի քանակը բացարձակ չի նվազել, քանի որ նախքան համաճարակը աշխարհում արդեն հասցրել էին նկարահանել բազմաթիվ ֆիլմեր, ուստի ֆիլմերի ընտրությունը շարունակում է մեծ լինել:

Խոսեցինք հոբելյաններից և հետահայաց ցուցադրություններից. հարկ եմ համարում ասել, որ չենք կարող անտեսել Տոնինո Գուերայի և Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյա հոբելյանները։ Նոյեմբերին անպայման կանդրադառնանք այս երկու հանճարեղ վարպետներին:

-Եթե հնարավոր լինի փառատոնի շրջանակում Հայաստանում հյուրընկալել կինոոլորտի ներկայացուցիչների, նրանց շարքում ականավոր դեմքերի կտեսնե՞նք: Եթե այո, կարո՞ղ եք բացել փակագծերը:

- Իհարկե, ճամփորդությունները 2020-ին դարձել են խնդրահարույց և սահմանափակ, բայց մինչ այս հաստատված ժյուրիի անդամներ, հյուրեր հայտնել են, որ բաց սահմանների պարագայում չեն չեղարկի իրենց այցերը Հայաստան: Մենք էլ մինչև նոյեմբեր կշարունակենք մեր բանակցությունները։

Զրույցը վարեց

Անժելա Համբարձումյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում