Հասարակական

Ձորագյուղում կհիմնանորոգվեն մշակույթի տունը եւ երկու փողոց

3 րոպեի ընթերցում

Ձորագյուղում կհիմնանորոգվեն մշակույթի տունը եւ երկու փողոց

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն մշակույթի տունը եւ երկու փողոցի առանձին հատվածներ՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 49 միլիոն 790 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 22 միլիոն 405 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 27 միլիոն 385 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Ձորագյուղի 11 եւ 12-րդ փողոցների առանձին հատվածներում: Փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 55 միլիոն 910 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 33 միլիոն 546 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 22 միլիոն 364 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ այս ծրագրերի իրականացմամբ ամբողջանում է մշակույթի տան եւ թիվ 11 փողոցի հիմնանորոգումը, որոնք ընթացել են նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով: «Ձորագյուղի մշակույթի տունը նախորդ տարիների ընթացքում հիմնանորոգման է ենթարկվել մոտ 50-60 տոկոսով: Ծրագրի իրականացման արդյունքում այն կդառնա ամբողջական: Հիմնականում կկատարվեն հատակի նորոգման եւ ներքին հարդարման աշխատանքներ: Թիվ 11 փողոցը կասֆալտապավի մոտ 350 գծամետր երկարությամբ: Այս փողոցն ավարտվում է հայ միջնադարյան պատմաճարտարապետության կարեւոր հուշարձաններից մեկը համարվող «Մասրուց անապատ» եկեղեցու մոտ: Նախորդ տարիներին եւս այստեղ իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ մնացած 350 մետրը կասֆալտապատենք ու կավարտենք այս տարվա ընթացքում: Եվս 150 գծամետր ճանապարհ կասֆալտապատվի 11-րդ փողոցին հարող թաղամասում:Թիվ 12 փողոցում, որը տանում է դեպի գյուղի հիմնական դպրոց, կասֆալտապատվի շուրջ 200 գծամետր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում