Հասարակական

Փախստականների խնդիրը մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է․ ՀՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

Փախստականների խնդիրը մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գտնում է, Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ առիթ է համայն հանրության ուշադրությունը հրավիրելու միլիոնավոր փախստականների և տեղահանված անձանց հիմնախնդիրներին։ Նախագահը նկատում է, որ հայերի պարագայում փախստականների խնդիրն առավել քան ցավոտ է, քանի որ այն դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է։

Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ը խնդրել է ՀՀ նախագահին ներկայացնել իր ուղերձը՝ որպես մի երկրի նախագահ և ժողովրդի ներկայացուցիչ, որոնք բազմիցս են բախվել այդ երևույթին։

-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 20-ը հռչակել է Փախստականների միջազգային օր:Ինչպիսի՞ն է Ձեր ուղերձը որպես մի երկրի նախագահ և մի ժողովրդի ներկայացուցիչ, որոնք պատմության ընթացքում բազմիցս են բախվել այդ երևույթին ու փախստականների խնդրին:

-Մեր՝ հայերիս պարագայում փախստականների խնդիրն առավել քան ցավոտ է։Այն դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է: Ի վերջո, հայկական սփյուռքն իր բազմազան աշխարհագրությամբ հենց այդ երևույթի դրսևորումն է, որի բարձրակետը 1915թ. Հայոց ցեղասպանությունն է Օսմանյան Թուրքիայում: Ցեղասպանության հետևանքով է, որ հայությունն այսօր ցրված է աշխարհով մեկ՝ բռնի տեղահանված իր բնօրրանից և հայրենազրկված:

1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում ապաստան գտած մեր հայրենակիցներն արդեն մեր օրերում ստիպված եղան կրկին անցնել կյանքի ու մահվան վտանգների միջով: Այդ երկրում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով նրանց զգալի մասը, ինչպես և Սիրիայում ապրող այլ ազգությունների ներկայացուցիչներ ,թողել են իրենց տուն ու տեղըեւ ցրվել աշխարհով մեկ: Մեր հայրենակիցներից շուրջ քսան հազարը եկել է Հայաստան:

1988 թվականին մեր ժողովուրդը բախվեց փախստականների նոր ալիքի:Ադրբեջանի սանձազերծած պատերազմի,էթնիկական զտումների և ատելություն սերմանելու հետևանքովավելի քան կես միլիոն հայեր ստիպված էին լքել իրենց օջախներն Արցախումեւ Ադրբեջանի հայաշատբնակավայրերում՝ Բաքվում, Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ) և այլուր: Նրանց զգալի մասը հանգրվանեց երկրաշարժի հետեւանքների ծանրագույն բեռի տակ գտնվող Հայաստանում, մյուսները բռնեցին տարագրության ուղին:

Թե՛ անցյալ դարասկզբին Թուրքիայում, թե՛ նույն դարի վերջին Ադրբեջանում, իսկ արդեն 21-րդ դարում Սիրիայում կատարվածը և ընդհանրապես փախստականը որպես երևույթ այլատյացության, բռնությունների, մարդու իրավունքների դեմ ոտնձգությունների անպատժելիության հետևանք են՝ անկախ ազգությունից, կրոնից ու ռասսայից։ Այս առումով աշխարհը համախմբման կարիք ունի ընդդեմ ատելության և ընդդեմ նրանց, ովքեր քարոզում են այն և իրենց գործողությունները իրականացնում այդ ելակետից:

Այսօր էլ փախստականները ողջ աշխարհում շարունակում են մնալ որպես բռնի ուժի և ագրեսիվ քաղաքականության զոհեր: Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ առիթ է համայն հանրության ուշադրությունը հրավիրելու միլիոնավոր փախստականների և տեղահանված անձանց հիմնախնդիրներին: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհը ենթարկվում ու ենթարկվելու է տարաբնույթ փոփոխությունների: Նոր իրողությունների, նոր իրավիճակների պայմաններում փախստականների խնդիրը նույնպես, վստահաբար, պահանջելու է նոր մոտեցումներ և առավել ուշադրություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում