COVID-19-ի թեստի պատասխանին սպասող ծնողների ու երեխաների համար նոր մեկուսարան է կառուցվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի թեստի պատասխանին սպասող ծնողների ու երեխաների համար նոր մեկուսարան է կառուցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Կառուցվել է 14 օրում, համապատասխանում է հակահամաճարակային կանոններին, շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի թեստի պատասխանը»,- գրել է Թորոսյանը:



Հայաստանում հունիսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17 489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 529 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 85 556 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 293 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 96 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նորայր Շողիկյան