Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն Վարդան Մամիկոնյան եւ Մաշտոցի փողոցները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 934 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 760 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 10 միլիոն դրամը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը, 1 միլիոն 173 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Լանջաղբյուրի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Վարդան Մամիկոնյան փողոցը կասֆալտապատվի շուրջ 400, Մաշտոցի փողոցը՝ 150-200 մետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Լանջաղբյուրում այս տարի ճանապարհների ասֆալտապատում կիրականացվի շուրջ 3 000 քմ մակերեսով: Հիմնանորոգվող հատվածներում կտեղադրվի ջրահեռացման համակարգ: Ծրագրի իրականացման արդյունքում Մաշտոցի փողոցի հիմնանորոգումը կհասցվի ավարտական տեսքի, իսկ Վարդան Մամիկոնյան փողոցի հիմնանորոգումն ամբողջացնելու համար հարկավոր կլինի եւս 400 գծամետրի ասֆալտապատում, ինչը կփորձենք իրականացնել եկող տարվա ընթացքում, համապատասխան միջոցներ ունենալուն պես»,- նշեց Լանջաղբյուր համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը:
Խոսրով Խլղաթյան