Հակաթուրքական նոր ճակատը և Հայաստանի դերակատարումը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 17-ին ՄԱԿ-ի անդամ-երկրներն ընտրելու են Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահին, ով այս պաշտոնը զբաղեցնելու է 2020թ. սեպտեմբերից` մեկ տարի ժամկետով։ Ինչպես հայտնի է, այս պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվում է ՄԱԿ անդամ-երկրների հինգ տարածաշրջանային խմբերի միջև։ Այս անգամ արևմտաեվրոպական և այլ երկրների խմբի միակ թեկնածուն խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է: Նրա ընտրվելու պարագայում Թուրքիան պատմության ընթացքում առաջին անգամ կստանձնի ՄԱԿ ԳԱ հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահությունը։

Սակայն ՄԱԿ անդամ երեք պետություններ` Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, մերժել են Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը՝ պահանջելով քվեարկություն անցկացնել։ Ընդ որում, Հունաստանը ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահին դիմել է առանձին նամակով, իսկ Հայաստանն ու Կիպրոսը՝ համատեղ նամակով՝ ընդգծելով, որ Թուրքիան, որը շարունակաբար խախտում է ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները, լավագույն պետությունը չէ ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնը ստանձնելու համար։ Արդյունքում, ԳԱ-ն պարտավոր է լիարժեք քվեարկություն կազմակերպել՝ չնայած այն հանգամանքին, որ արևմտաեվրոպական խմբին հաջողվել է համաձայնության գալ միակ թեկնածուի շուրջ։

Հատկանշական է, որ սա վերջին շրջանում միջազգային հարաբերություններում Թուրքիայի նկատմամբ դժգոհության և քննադատության առաջին և միակ դեպքը չէ։ Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը հանգեցրել է ոչ միայն առանձին երկրների հետ Անկարայի հարաբերությունների ծայրաստիճան լարման, այլ նաև հակաթուրքական ավանդական դաշինքների ակտիվացման և հակաթուրքական նոր ճակատի ձևավորման։ Խոսքը, մասնավորապես, նոր հակաթուրքական Եգիպտոս-Հունաստան-ԱՄԷ-Կիպրոս-Ֆրանսիա ազդեցիկ առանցքի ձևավորման մասին է։ Մայիսի 11-ին այս հնգյակը համատեղ հայտարարություն տարածեց՝ իր մտահոգությունը հայտնելով Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածության և շարունակական սադրիչ գործողությունների կապակցությամբ։ Հայտարարությունը մատնացույց էր անում Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և տարածքային ջրերում, Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումները, ինչպես նաև Թուրքիայի ապօրինի ռազմական ներգրավվածությունը Լիբիայում և Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի անհամապատասխանությունը միջազգային նորմերին։ Պաշտոնական Անկարայի կողմից «չարիքի առանցք» հռչակված այս դաշինքը մտադիր է կանոնավոր կերպով շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով ապահովել Միջերկրածովյան տարածաշրջանի կայունությունը։ Ավելի վաղ՝ 2020թ. հունվարին, Կահիրեում կայացած հանդիպման արդյունքում Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ դիմագրավելու Թուրքիայի սադրանքներին։

Հայաստանն, ինչպես և կարելի էր կանխատեսել, անմասն չի մնում Թուրքիայի միջազգային մեկուսացմանն ուղղված այս գործողություններից։ Պաշտոնական Երևանի նախաձեռնողականությունն այս հարցում առանցքային նշանակություն ունի։ Դեռ 2019թ. հուլիսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել` մտահոգություն հայտնելով Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ` ընդգծելով, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Անկարայի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Փաստացի Հայաստանի դիրքորոշումը համահունչ է նոր ձևավորված Եգիպտոս-Հունաստան-ԱՄԷ-Կիպրոս-Ֆրանսիա առանցքի դիրքորոշմանը, ինչը ստեղծում է համագործակցության լայն դաշտ:

Հատկանշական է նաև, որ Երևանը շարունակում է ակտիվ աշխատանքը Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով. 2019թ.-ին այս ձևաչափի գործարկումն ու համագործակցության ակտիվ տեմպը Հայաստանի նախաձեռնողականության, թերևս, լավագույն դրսևորումն է, ինչն իր հերթական արտացոլումն է ստացել ՄԱԿ-ում Թուրքիայի դիրքերի ամրապնդման դեմ ուղղված այս գործընթացում։

Արփինե Հովսեփյան

Հայերեն Русский

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ