Սա ռազմավարության փոփոխման արդյունք է․ Թորոսյանը` COVID-19-ից առողջացացած պացիենտների թվի աճի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսային հիվանդությունից առողջացած պացիենտների թվի աճը բացատրում է ռազմավարության փոփոխման արդյունքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

«Այսօր ունեցել ենք վարակման 350 նոր դեպք և 352 քաղաքացի առողջացել է։ Վերջին օրերին առողջացողների թիվը գնալով աճում է, սակայն օրեր առաջ այդ թիվը տատանվում էր մի քանի տասնյակի շրջանակներում՝ 10, 20, 30։ Թվերի նման փոփոխությունը կապված է ռազմավարության փոփոխման հետ, երբ մայիսի կեսերին մենք որոշեցինք ասիմպտոմ կամ թեթև սիմպտոմներով քաղաքացիներին տեղափոխել տնային խնամքի և հյուրանոցներում այլևս չպահել։ Այնպես ստացվեց, որ այդ պահին մոտ 1 000 հոգի դուրս գրվեց այդ հաստատություններից, և համակարգում չնշվեց որպես առողջացած։ Նրանք անցան 14-օրյա մեկուսացման իրենց տներում, որպեսզի տնային հսկողությունից հետո պոլիկլինիկաների բժիշկները նրանց համարեին բուժված։ Այդ ամբողջ օրերի ընթացքում մենք բուժված ենք համարել և համարում միայն այն քաղաքացիներին, ովքեր կրկնակի բացասական թեստավորումով ուղիղ հիվանդանոցներից էին դուրս գրվում»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այդ 14 օրը մոտենալուն զուգընթաց, փաստացի առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են ինքնամեկուսացման ավարտը և տվյալ քաղաքացիների բուժման հանգամանքը։ Առողջապահության նախարարն ընդգծեց նաև, որ նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք ընդհանրապես հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում, այլ բուժվում են տանը։

«Մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը, շարունակենք իրականացնել բոլոր հակահամաճարակային միջոցառումները՝ սկսած սոցիալական հեռավորություն պահելուց, ձեռքեր ախտահանելուց մինչև մեր իրականացրած բուժական միջոցառումները։ Ցանկանում եմ, որպեսզի մենք չթուլանանք այս փոքր թվերը տեսնելով և հետևողական լինենք»,- ասաց Թորոսյանը։

Նա կոչ արեց, որպեսզի բոլորը խստորեն պահպանեն կանոնները՝ հատկապես դիմակ կրելը՝ կապ չունի փողոցում, ընկերների հետ շփվելիս, թե մեկ այլ վայրում։

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4 451-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 933 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 71 405 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 74 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը