Շողակաթ խոշորացված համայնքի երեք բնակավայրում կկառուցվեն խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանցեր
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Դրախտիկ, Աղբերք եւ Ջիլ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5 500 գծամետր երկարությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 441 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 38 միլիոն 809 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 16 միլիոն 635 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը:
Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ Դրախտիկում խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվելու է 1 800 գծամետր երկարությամբ, երեք թաղամասերում: Այն սպասարկելու է շուրջ 60 տնտեսության: Աղբերքում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 3 200 գծամետր երկարություն եւ շուրջ 8 լիտր վայրկյան հզորություն: Ջիլում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 500 մետր երկարություն եւ շուրջ 10 լիտր վայրկյան հզորություն:
«Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվում է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակներ շարունակ: Վստահորեն կարելի է ասել, որ կառավարության եւ համայնքապետարանի ջանքերը տեսանելի ու շատ կարեւոր արդյունք են ապահովում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա չորս ամսում»,-ասաց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան