ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հերքում է այն լուրերը, թե 2018թ. հետո ձևավորված կառավարությունը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բալայանն ասաց հունիսի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«2018թ. ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվել է վարչապետի գլխավորությամբ, որևէ երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում ի դեմս ՊՆ-ի, որևէ նմանատիպ գործարք տեղի չի ունեցել»,- ասաց Բալայանը:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Նորայր Շողիկյան