Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը  քննարկել են վարչատարածքային բարեփոխումներին վերաբերող հարցեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերը մայիսի 29-ին հեռավար հանդիպում են ունեցել՝ քննարկելու ՏԿԵ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցությամբ Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացում արձանագրված հաջողությունները և նախանշելու համագործակցության հետագա շրջանակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ուղղված օժանդակության համար՝ նախարար Պապիկյանը վստահություն է հայտնել, որ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառած անհարմարությունները չեն անդրադառնալու երկու երկրների կառավարությունների միջև բարեկամական հարաբերությունների վրա, և համատեղ աշխատանքի արդյունավետությունը չի տուժելու:

Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել նախարարության հետ տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընկերային հարուստ փորձը և վերահաստատել համայնքային կարողությունների զարգացման ու ապակենտրոնացված կառավարման գործում ՀՀ կառավարության նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է համայնքների միավորման գործընթացում ՀՀ կառավարության իրականացրած քայլերին և օրենսդրական բարեփոխումներին

«Երկու տարվա ուսումնասիրություններից և եզրահանգումներից հետո մենք արդեն հրապարակային խոսում ենք համայնքների միավորման արդյունավետության մասին: Պետք է փաստել, որ այսօր ունենք խոշորացված համայնքներ, որոնք տարբեր ուղղություններով դարձել են ինքնաբավ և շնորհիվ իրենց տնտեսական ներուժի պատրաստ են վերցնել կառավարման որոշակի լիազորություններ»,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշել է, որ առաջիկայում Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքների ձևավորմամբ կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը: Օրենսդրական բարեփոխումների շրջանակում նախարարը կարևորել է նաև բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգի ներդրումը, դրա արդյունքում ավագանու դերի մեծացումը և փոխզսպման մեխանիզմի ամրապնդումը:

«ԱՄՆ ՄԶԳ-ն ևս համայնքների միավորման գործընթացի շարունակակությունը համարում է կարևոր խնդիր և նպատակ: Մենք կարծում ենք, որ ապակենտրոնացված և առավել կայացած տեղական ինքնակառավարման շնորհիվ հնարավոր է գյուղական բնակավայրերում ապահովել տնտեսության զարգացման նոր հեռանկարներ: Սա նրանց կդարձնի առավել դիմակայուն, ինչը հատկապես կենսական է COVID-19 ճգնաժամին արձագանքելու տեսանկյունից»,-ասել է Դեբորա Գրիզերը և հավելել, որ համայնքային կարողությունների զարգացմանն աջակցելու հանձնառությունը կշարունակի մնալ ԱՄՆ ՄԶԳ 5-ամյա նոր ռազմավարության պլաններում:

Խոշորացված համայնքների կառավարման առավելությունների թվում նախարարը մատնանշել է աղբահանության իրականացումը, տրանսպորտային ցանցի գործարկումը, գյուղատնտեսական տեխնիկայով վերազինման հնարավորությունը: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ երկարամյա ներդրումները միավորված համայնքներում ծառայությունների բարելավման, բնակավայրերի ռեսուրսների հզորացման, տեխնիկական համալրման ուղղությամբ:

«Միավորման գործընթացը կարևոր է առաջին հերթին հենց բնակչի համար: Այն պետք է ընթանա սահուն, քաղաքացիների համար ընկալելի՝ հանրային քննարկումների արդյունքում վերհանելով գործընթացի դրական կողմերը: Լիահույս եմ, որ ձեր գործուն աջակցությամբ տեղական ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին կարձանագրենք իրական փոփոխություններ, իսկ համավարակին արձագանքելու արդյունավետ միջոցառումների ձեռնարկմամբ տնտեսական հեռանկարային առաջընթաց»,-ամփոփել է նախարար Պապիկյանը:

Զրուցակիցները վերահաստատել են առկա համագործակցությունը խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

Հայերեն English

Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց