Բուխարեստի հայկական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհվեցին մայիսյան հերոսամարտի հերոսների շիրիմներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ կատարվեց Գոհաբանական մաղթանք, որից հետո Բուխարեստի հայոց գերեզմանատանը կանգնեցված հուշարձանի առջև հարգանքի տուրք մատուցվեց և աղոթք բարձրացվեց հերոսամարտերի ժամանակ ընկած քաջ հայորդիների հոգիների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից, արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, քահանայից դասը:

Այս առիթով հրապարակվեց Սրբազան Հոր շնորհավորական ուղերձը, ուր թեմակալ առաջնորդն անդրադառնում է մայիսյան հերոսամարտերի հսկայական նշանակությանը՝ մասնավորապես նշելով. Այսօր աշխարհասփյուռ հայությունը նշում է 1918թ. մայիսի 28-ին կատարված մեծագույն իրադարձության պանծալի հիշատակը: Այդ օրը կերտվեց, ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ընդհանրապես 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց երեք հանրապետություններով, որոնց սկիզբը դարձավ 1918թ մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը: 1918 մայիսի 21-28-ը տեղի ունեցած հերոսական ճակատամարտերում հայկական կամավորական ուժերին հաջողվեց միասնական ջանքերով ջախջախիչ հարված հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր միասնությամբ և մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսիայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու պետության համար և ազադարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Այդ հենքի վրա է, որ հետագային կայացավ մեր երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, անկախ Արցախը: Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Մեր ժողովրդի հանդեպ գործված Մեծ Եղեռնն ի զորու չեղավ անգամ սասանելու հարության մեր հավատը, որի շնորհիվ եղեռնից մազապուրծ եղած հայությունը մոխիրներից ծնունդ տվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Այսօր մենք խոնարհումով ու աղոթքով ենք հիշում հայրենյաց պաշտպան բոլոր քաջորդիներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի օր առաջ ծնունդ առնի ազատ և անկախ հայ պետականությունը:

Շնորհավորում եմ բոլորիս և համայն հայ ժողովրդին: Մաղթում եմ միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունք են: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին փոխանցելու վճռականությամբ: Փառք տանք հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:

Աղոթում ենք առ Աստված Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության բարգավաճման համար՝ մաղթելով, որ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ու հայրենանվեր ապագան:

Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղկեպսակներ դրվեցին առաջին և երկրորդ Աշխարհամարտերին մասնակից, նաև Ռումինիայից Սիբիր աքսորված հայորդիներին նվիրված հուշարձանների առջև, այնուհետև ծաղիկներ խոնարհվեցին մայիսյան հերոսամարտերին մասնակից և Բուխարեստի հայկական գերեզմանատանը հանգչող Սարգիս Արարատյանի (Հայաստանի Առաջին Հանրապետության ֆինանսների նախարար, հասարակական օգնության և ներքին գործերի նախարար, հասարակական գործիչ և քիմիկոս), Կուռ Թարխանյանի (Հայաստանի Առաջին Հանրապետության Զինված Ուժերի սպա, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ), Արսեն Տեր-Պողոսյանի (Բաշ-Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ-աշխարհազորի հրամանատար, հունական բանակի գնդապետ), ինչպես նաև Ռումինիայում Հայաստանի առաջին հյուպատոս Հարություն Խինդիրյանի շիրիմներին:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ