ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որը նորովի է մատուցում հայկական ժողովրդական երգերը և պարբերաբար անդրադառնում է իսպանական սիրված ստեղծագործություններին, ներկայացրել է իր և NemRoot Project-ի համատեղ համերգի տեսաձայնագրության հիման վրա նկարահանված հոլովակ, որում կատարում են «Բինգյոլ» երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հասանելի է Վիգեն Հովսեփյանի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:
«Առաջիկայում կլինի նաև թվային ձայնասկավառակը, որի մասին դեռ կտեղեկացնեմ: Ամբողջ համերգի ընթացքում ինձ հետ բեմում են տաղանդաշատ երաժիշտներ Նորայր Գափոյանը (դուդուկ), Նարեկ Գասպարյանը (թավջութակ) և Գրիգոր Դավթյանը (հարվածային գործիքներ)»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հովսեփյանը:
Վիգեն Հովսեփյանը ծնվել է Հայաստանում, բայց 14 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոն ու երկար տարիներ ապրել է այնտեղ: Բարսելոնում երգել է «Բարսելոն էթնիկ բենդ» խմբում: Կատարել են տարբեր ժողովուրդների ազգային երգեր, այդ թվում՝ հայկական: Վիգեն Հովսեփյանը նաև հանդես է եկել «Half folk» տրիոյի հետ և 2014 թվականին մասնակցել «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթին, որը տեղի է ունեցել Կրեմլում: Արժանացել են «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Վերադառնալով Հայաստան՝ սկսել է երգել տարբեր ակումբներում՝ կատարելով և՛ իր՝ երաժշտասերին դեռ ոչ ծանոթ հեղինակային, և՛ հանրությանը վաղուց արդեն հայտնի երգեր: 2017-ին թողարկել է «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակը: Վիգեն Հովսեփյանի կատարմամբ շատ սիրված են դարձել «Գուլո», «Կանչում եմ արի», «Սարերի հովին մեռնեմ» և մի շարք այլ երգեր:
Անժելա Համբարձումյան