ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական էստրադայի ինքնատիպ ներկայացուցիչներից Իվետա Մուկուչյանը, որին երկրպագուներից շատերն անվանում են Իվա-Դիվա, երաժշտասերների դատին է հանձնել «Բամբասանք» նոր երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հասանելի է «YouTube»-ում երգչուհու պաշտոնական էջում:
Երգի երաժշտության հեղինակներն են Նիկ Եգիբյանն ու Իվետա Մուկուչյանը, խոսքերը գրել է Ֆելիքս Խաչատրյանը:
Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։
2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։
Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել 7-րդ տեղը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարը՝ «Ֆեյսբուք»-ում Իվետա Մուկուչյանի պաշտոնական էջից