ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի մասնակիցների և երկրպագուների սպասելիքներն ինչ-որ չափով արդարացնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունը մայիսի 16-ին մրցույթին փոխարինող շոու ծրագիր ներկայացրեց, որը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսարձակիր, Եվրոպա» շոու ծրագրի շրջանակում ներկայացվեցին մրցույթի տարբեր տարիների լավագույն մասնակիցների ելույթները, իսկ այն երգիչները, որոնք պետք է մասնակցեին «Եվրատեսիլ 2020»-ին, տեսակապով միացան ծրագրին՝ խոսելով այն մասին, որ երաժշտությունը միավորում է բոլորին:
«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, որը պետք է ներկայացներ Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին, նշեց. «Հուսամ՝ բոլորդ առողջ եք և ապահով: Գուցե թվա՝ շղթայված եք, բայց սա իսկապես հրաշալի ժամանակ է ձեր թանկարժեք ադամանդները պահպանելու համար: Թույլ տվեք, որ դրանք փայլեն ձեզ վրա ճիշտ պահին: Մի՛ մոռացեք, որ դա անհնար է թվում, քանի դեռ չի արվել: Վստահ եմ, որ շատ շուտով կհանդիպենք: Առողջ եղեք: Սիրում եմ ձեզ»:
Շոու ծրագրի ավարտին «Եվրատեսիլ 2020»-ի բոլոր մասնակիցները միասին կատարեցին «Love Shine a Light» երգը:
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը պետք է տեղի ունենար ՆիդերլանդներիՌոտերդամքաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը պետք է անցկացվեին մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:
Մրցույթին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, սակայն մրցույթը չեղարկվեց Եվրոպայում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով:
Անժելա Համբարձումյան