Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, մարզում առողջացածների ընդհանուր թիվը 58 է:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը՝ նշելով, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթացքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 276 քաղաքացի։ Մարտի 1ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1356 նմուշառում, որից 33 նմուշառման հետազոտությունը կատարվել է Գյումրիում:
Շիրակի մարզում մայիսի 12-ից անցկացվում են կորոնավիրուսի ախտորոշման պոլիմերացված շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ: Դրանք իրականացվում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղում: 1 փուլով տվյալ սարքավորումն իրականացնում է 34 հետազոտություն: Հետազոտությունը տևում է 6 ժամ: Օրվա ընթացքում միջինը հնարավոր է իրականացնել 60 ՊՇՌ հետազոտություն։
Արմենուհի Մխոյան