80-ականներից սպասելով. Բերքաբերում շուտով կերթևեկեն ասֆալտապատ ճանապարհով
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքը շուտով բարեկարգված ճանապարհ կունենա: 1980-ական թվականներից գյուղում ճանապարահաշինարարական աշխատանք չկատարելու «ավանդույթը» կոտրվեց, այժմ համայնքի կարևոր նշանակության ճանապարհի ասֆալտապատման ծրագրի ակտիվ փուլն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բերքաբեր համայնքի ղեկավար Վահե Ալիխանյանը նշեց, որ սա գյուղում շատ սպասված ծրագիր էր:
«Եթե 1980-ական թվականներից այս կողմ մեր համայնքում որևէ ճանապարհ չի վերանարոգվել, դե պատկերացրեք, թե ինչ անբարեկարգ վիճակում են: Այժմ գյուղի համար կարևոր նշանակության 4 կմ երկարությամբ հիմնական ճանապարհը պետք է ասֆալտապատվի: Երկու կմ հատվածը մինչև գյուղն է, երկու կմ հատվածն էլ գյուղի մեջ է՝ մինչև դպրոց»,-ասաց Վահե Ալիխանյանը: Նա նշեց, որ հողային աշխատանքները հիմնականում ավարտվել են, մոտավորապես 20 օրից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Օգոստոսի վերջին այդքան երկար սպասված նոր ճանապարհը պատրաստ կլինի: Համայնքի ղեկավարը նշում է, որ մեծ ակնկալիքներ ունեն այս ծրագրի հետ կապված: Գյուղի գլխավոր ենթակառուցվածքը վերականգնելուց, բարեկարգելուց հետո սպասվում է համայնքային կյանքի աշխուժացում:

«Մի քանի օրինակ ներկայացնեմ, որպեսզի պարզ լինի, թե անբարեկարգ ճանապարհն ինչ հնարավորություններից էր զրկում: Իջևանից, եթե մարդիկ տաքսիով գալիս էին մեր գյուղ, վարորդները ստացված գումարից 1000 դրամ ավելին էին վերցնում անբարեկարգ ճանապարհի պատճառով: Հասարակական տրանսպորտ չունենք, տրանսպորտ չի աշխատում մեր համայնքում, որովհետև ոչ ոքի ձեռնտու չէ այս քարքարոտ ճանապարհով երթևեկելը: Դրանից բացի, շատ առաքիչներ հրաժարվում էին չեն գալիս մեր համայնք»,-ասաց Վահե Ալիխանյանը:
Ճանապարհը լուրջ խնդիր է նաև համայնքում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Տուրիստականները, զբոսաշրջիկները չեն գալիս միայն նրա համար, որ ճանապարհները վատն են:

«Նախորդ տարի փոքր թվով այցելություններ եղել են, բոլորը միաբերան նշում են՝ գլխավոր խնդիրը ձեր ճանապարհն է: Այսինքն, մարդիկ ուզում են գան, մանավանդ, որ մեր համայնքն աչքի է ընկնում գեղատեսիլ, տեսարժան վայրերով: Եթե ճանապարհը բարեկարգվի, ապա մենք էլ կկարողանանք օգտվել զբոսաշրջային հոսքից»,-ասաց համայնքի ղեկավարը:

Վահե Ալիխանյանը նկատեց, որ բնակիչները պատրաստ են արձագանքել զբոսաշրջային հոսքի ակտիվացմանը: Արդեն համայնքում մի քանի հյուրատներ կան, ճանապարհի բարեկարգման աշխատանքներն ավարտելուց հետո նոր հյուրատներ կբացվեն: Վահե Ալիխանյանի խոսքով, կորոնավիրուսը ծրագրերը հետ գցեց, սակայն առաջարկում է ստեղծված իրավիճակից դրականը քաղել: Այս տարի շատ հայաստանցիներ իրենց հանգստը կազմակերպելու են այստեղ: Բերքաբերցիները հույս ունեն, որ շատերը կընտրեն Տավուշն ու Բերքաբերը:
Գյուղում գործում է մեկ մանկապարտեզ, որտեղ ներկայում հաճախում է 20 երեխա: Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ մանկապարտեզը պետական աջակցություն չի ստանում, այն գործում է բնակիչների, բարերարների նվիրվատվությամբ: Գյուղում այսօր խնդիր է շարունակում մնալ գազաֆիկացման հարցը: Բանկիչները բարեկարգ ճանապարհ ունենալու նման սպասում են նաև գազաֆիկացմանը:
«Այն կարևոր տնտեսական նշանակություն ունի: Տեսեք, վերջին երկու տարում գյուղում 10 հա այգի է հիմնվել: Մեր համայնքն առանձնանում է առատ բերքով: Դրանից բխող՝ անհրաժեշտ է վերամշակման, պահածոյացման արտադրություն, իսկ շատերը չեն գալիս ներդրում անում, որովհետև գյուղը գազաֆիկացված չէ: Այս հարցում ակնկալում ենք պետության աջակցությունը»,-ասաց համայնքի ղեկավարն՝ ավելացնելով, որ գյուղի բնակիչներից 3-ն արդեն վերադարձել են, ծրագրերի իրականացմամբ ակնկալվում է գյուղական կյանքի աշխուժացում:
Համայնքի ղեկավարը նշեց, որ զգալի աշխատանքներ են կատարվում ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ: Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրերով որոշ աշխատանքներ արվել են, այս տարի ևս նախատեսում են շարունակել: Ոռոգման ծրագրի արդյունքում 50 հա այգիները նորմալ ջրամատակարարում կունենան:
Աննա Գզիրյան