Խափանման միջոցների ճկուն համակարգ սահմանող օրենսգիրք է անհրաժեշտ. Արման Թաթոյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, պետք է ընդունել Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որը խափանման միջոցների համար ճկուն համակարգ կսահմանի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց՝ ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հարցին:
Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից ապրիլի 14-ին ընդունվել և ապրիլի 24-ին ուժի մեջ է մտել ՍԴ համապատասխան որոշման հիման վրա օրենքը: Դա գրավի և կալանքի ինստիտուտները վերաիմաստավորել և այլ կերպ է կարգավորել: Նա հետաքրքրեց, թե ՄԻՊ-ը կարծում է, որ օրենսդրական առումով դրական տեղաշարժ չկա՞:
«ԱԺ կողմից ընդունված այդ օրենքը հատվածական է, դրվագային է և չի լուծի կալանքների համակարգային հարցը: Պետք է անհապաղ ընդունենք Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որն ունի ճկուն համակարգ՝ տնային կալանքներ, հսկողության հանձնելու հատուկ խափանման միջոց, որը հսկվելու է էլեկտրոնային միջոցներով, մեկ մարդու նկատմամբ երկու խափանման միջոցի կիրառման հնարավորություն այն հաշվով, որպեսզի կալանքը լինի ամենավերջինը»,-ասաց Թաթոյանը:
Նա նշեց՝ ԱԺ-ի կողմից ընդունված այդ նախագծի հետ կապված մի շարք փաստաբան գործընկերներ մտահոգություններ են հայտնել, որ այն ոչ ամբողջությամբ է լուծում Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հարցը: Լրացուցիչ ուսումնասիրելուց հետո միայն ՄԻՊ-ը կկարողանա դիրքորոշում հայտնել, սակայն համակարգային առումով այն բավարար չի համարում:
ՀՀ ազգային ժողովը ապրիլի 14-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է, որ գրավը կիրառվի ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև ինքնուրույն խափանման միջոց:
Աննա Գրիգորյան