Հասարակական

Պարգևատրվել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերանները

2 րոպեի ընթերցում

Պարգևատրվել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերանները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները:

Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է վետերաններին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի, Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ:

ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ հենց նրանք են մեր հերոսական էջերի այն գործող անձինք, ովքեր պարգևել են մեզ այդ փառավոր հաղթանակները:

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին ուղղված իր շնորհավորական խոսքում Է. Մարտիրոսյանն ասել է. «75 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության՝ իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքր հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում: Մենք դեռևս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ։ Թող հաղթողների չխամրող փառքն ապրի դարեր` խիզախության և դիմացկունության վառ օրինակ ծառայելով սերունդներին»:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, ԱԱԾ տնօրենը դրամական պարգևով պարգևատրեց պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններ՝ Պետրոս Պետրոսյանին և Ալբերտ Հակոբջանյանին»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում