Զոլաքար գյուղի համար առայժմ հաստատվել է սուբվենցին երկու ծրագիր
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի համար հաստատվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց իրականացման արդյունքում համայնքում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց, ներքին հարդարման աշխատանքներ կիրականացվեն մշակույթի կենտրոնի շենքում:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը 144 միլիոն 182 հազար դրամ է, որի 70 տոկոսը կամ 100 միլիոն 927, 6 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 43 միլիոն 254 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը:
Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման արդյունքում գյուղի 690 տնտեսություն կապահովվեն բարձրորակ խմելուջրի մշտական ջրամատակարարմամբ: Արդեն հաստատվածերկրորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է մշակույթի տան հիմնանորոգում հանդիսությունների սրահում եւ կից մի քանի սենյակներում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 25 միլիոն 951 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 677 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 273 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Շինաշխատանքների իրականացման մրցույթն արդեն հայտարարվել է:
Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի հավաստմամբ՝ արդեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է երրորդ սուբվենցիոն ծրագիրը, որով նախատեսվում է փողոցային լուսավորության ցանցի կառուցում իրականացնել համայնքի ասֆալտապատ փողոցներում, շուրջ 5 կիլոմետր երկարությամբ:
Խոսրով Խլղաթյան