ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում, որ կառավարությունը բյուջեի գումարները տեղաբաշխելու, միջծրագրային փոփոխություններ անելու հնարավորություն ունենա՝ առանց ԱԺ-ի միջամտության, հավանության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկմանն իր ելույթում:
Նա նախ պարզաբանեց՝ գործող կարգավորմամբ կա, ենթադրենք 160 մլրդ դրամի պակասուրդ, նույն օրենքով նախատեսում է, որ կառավարությունը գործող ծրագրերի միջև փոփոխություն անելու հնարավորություն ունի մինչև 3 տոկոսի սահմաններում, և չպետք է գերազանցի պակասուրդը: «Այս նախագծով պակասուրդի չափն ավելացել է՝ հասցվելով 324 մլրդ դրամի: Եվ ահա այդ սահմաններում կառավարությունը կարող է կատարել միջծրագրային փոփոխություններ՝ առանց սահմանափակման: Այսինքն՝ եթե մինչև այդ կար 3 տոկոս սահմանափակումը, հիմա այն չկա, կարող է տեղաբաշխումներ անել, ծրագրեր, միջոցառումներ անել, որոնց մասին դուք պոստ ֆակտում կիմանաք կամ ոչ»,-ասաց Թանդիլյանը:
Նա նկատեց, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ձևակերպումները մեջբերելով շեշտում էր, որ դրանք պետք է պայմանավորված լինեն բացառապես կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմամբ։ Սակայն Թանդիլյանի կարծիքով՝ գործնականում կարելի է ասել, թե յուրքանչյուր միջոցառում կապ ունի կորոնավիրուսի, դրա հետևանքների վերացման հետ: Պատգամավորը կարծում է, որ արտակարգ դրությունը կավարտվի, բայց այս կարգավորումը կմնա, և մինչև տարվա վերջ կառավարությունն ինչպիսի միջոցառում ուզի, կանի և իշխանական պատգամավորները կհավատան, կվստահեն կառավարության գործընկերներին: «Մենք որպես ընդդիմություն չպետք է հավատանք ու վստահենք, պետք է համոզվենք: Ակնհայտորեն կան միջոցառումներ, որոնք կարող են կապ չունենալ կորոնավիրուսի հետ: Ինչո՞ւ մենք այստեղ՝ ԱԺ-ում չքննարկենք ու չբացահայտենք խոցելի հատվածները, հարկաբյուջետային կանոնի պահպանման խախտումը: Ես պնդում եմ, որ մենք որևէ պարագայում, անգամ արտակարգ դրության պայմաններում չպետք է թույլ տանք կառավարությանը անել ծրագրեր, տեղաբաշխել բյուջեի գումարները՝ առանց ԱԺ-ի միջամտության»,-ասաց նա:
Թանդիլյանն ԱԺ-ին լծակներից զրկելը համարեց անընդունելի՝ մանավանդ, որ դա ավելի շատ ընդդիմության գործիք է:
Պատգամավորներից մի քանիսը ապրիլի 28-ի ԱԺ նիստում քննարկմանը մտահոգություն էին հայտնել՝ մասնավորապես նշել, որ նախագծով ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Ջանջուղազյանն արձագաքնել էր՝ շեշտելով, որ այդ փոփոխությամբ կառավարությանը ճկունություն է տրվում միայն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով միջոցառումների իրականացման համար:
Աննա Գրիգորյան