«Գյումրի» բժշկական կենտրոնի մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրի» բժշկական կենտրոնի մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ապրիլի 18-ին Գյումրու բժշկական կենտրոնի 29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բասացական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ: Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ: Մասնավորապես, ամեն օր իրականացվում են ախտահանումներ, բուժանձնակազմը եւ այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր: Հիվանդանոցի ընդունարանում իրականացվել են համապատասխան նշումներ, որոնք ապահովում են այցելուի եւ աշխատակցի սոցալական հեռավորությունը: Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Բժշկական կենտրոնը նաև հորդորում է պահպանել ՀՀ առողջապահության նախարարության եւ պարետատան կողմից տրվող ցուցումները՝ համավարակի տարածումը կանխելու համար։
Արմենուհի Մխոյան