Մշակույթ

Ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ մեծացել է. Արա Խզմալյան 

5 րոպեի ընթերցում

Ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ մեծացել է. Արա Խզմալյան 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում ստեղծված սահմանափակումների պայմաններում, երբ բոլոր թատերահամերգային կառույցները ակտիվ գործունեություն են ծավալում օնլայն հարթակում, մշակույթի հանդեպ հանրության լայն շրջանակի հետաքրքությունը մեծացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատում ենք հետաքրքրության շեշտակի աճ: Տեսնում ենք, որ մեր պետական կառույցների «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերի հետևորդների քանակը բազմապատկվում է: Խնդիր ունենք անել այնպես, որ ճգնաժամի հաղթահարումից հետո տվյալները չնվազեն, և ձևավորենք կայուն հետևորդների ինստիտուտ: Դրա համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր: Այս շաբաթվանից կսկսենք պետական կառույցների PR և մարքեթինգի պատասխանատուների հետ համապատասխան վեբինարներ կազմակերպել, որպեսզի մշակենք այս տվյալները պահպանելու և զարգացնելու ձևաչափերը»,-շեշտեց փոխնախարարը:

Խոսելով մի քանի մշակութային հաստատության օնլայն հարթակում գրանցած նվաճումների մասին՝ Խզմալյանն ասաց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում հեռարձակել է վեց ներկայացում: Միայն օպերային թատրոնին վերաբերող նյութերն ունեցել են 326 հազար դիտում: Նշված ժամանակահատվածում նյութերի ընդհանուր դիտումների քանակը անցնում է 840 հազարից: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի հետևորդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 5 000-ով: Այս թվերը ապահովվել են առանց գովազդային աջակցության, առանց հավելյալ ծախսերի:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է «Առցանց խաղացանկ» նախագիծը: Ապրիլի 6-ին ցուցադրվել է առաջին ներկայացումը, որն ունեցել է շուրջ 40 հազար դիտում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները անհատական կամ խմբակային տեսագրում են համերգային կատարումներ, հեռարձակում դրանք և կոչ են անում մնալ տանն ու հետևել պարետատան ցուցումներին:

«Արմմոնո» թատերական միջազգային փառատոնը նախաձեռնել է «Armmono talking» խորագրով ծրագիր, որի շրջանակում զրույցներ են իրականացվում տարբեր մասնագետների հետ: Ծրագիրը նաև կրթական բաղադրիչ ունի:

Խզմալյանն անդրադարձավ «Առականի» շարքին, որի առաջին հաղորդումն արդեն իսկ թողարկվել է: «Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան հստակ կրթական ուղերձներ: Հաղորդաշարի շրջանակում Համազգային թատրոնի արտիստներն ընթերցում են առակներ: Հետո քննարկում է կազմակերպվում, և դերասանները կոչ են անում քննարկումը տեղափոխել տուն»,-ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ կան համայնքեր, որտեղ դեռ առկա են համացանցի և համակարգչի հասանելիությունն ապահովելու խնդիրները:

Նախարարության պատրաստած հաղորդումներն այդ համայնքներում հասանելի դարձնելու նպատակով իրենք համագործակցում են մարզային, համայնքային հեռուստաընկերությունների հետ, որոնք մեծ պատրաստակամությամբ ու սիրով հեռարձակում են բոլոր այն հաղորդումները, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրում է Երևանում:

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում