ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Բելավիա» ավիաընկերության չվերթով քաղաքացիները ժամանել են տարբեր երկրներից։
«Ապրիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած մեր քաղաքացիները եղել են ԱՄՆ-ից, եվրոպական և այլ հեռավոր երկրներից», - ասաց Նաղդալյանը։
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության:
«Վարորդները համապատասխան հանդերձանք են կրում, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ: Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ գումարային բուժվածների թիվը հասել է 62-ի:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։