Շոու բիզնես

Երգչուհին չի կարողանում արտերկրից վերադառնալ Հայաստան

2 րոպեի ընթերցում

Երգչուհին չի կարողանում արտերկրից վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում, այժմ չի կարողանում վերադառնալ հայրենիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արդեն Հայաստան վերադառնալս երազումս եմ տեսնում: Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜՜՜՜՜՜ց չվերթները հանվել են: #տունեմուզում»,-գրել է երգչուհին:

Մինչ վերոնշյալ գրառումը Լիլիթը մեկ այլ հրապարակում էր արել՝ շեշտելով, որ «Dream World Tour»-ի համերգների 90 տոկոսը, բարեբախտաբար, արդեն իրականացվել է, սակայն դեռ մնացել են շատ կարևոր մի քանի համերգներ, որոնք պահել էր շրջագայության վերջին հատվածի համար: «Ցավոք, կորոնավիրուսի պատճառով որոշեցի հետաձգել առաջիկա բոլոր մենահամերգներս: Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, բայց հիմա ինձ համար միայն կարևոր է ձեր առողջությունն ու անվտանգությունը: Հավատս մեծ է, որ շատ շուտով վերանալու է այս «աներես» վիրուսը, այ կտեսնեք»,-գրել էր երգչուհին:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում