Արտակարգ դրությամբ պայմանավորված` ԱԱՏՄ լիազորությունները կարող են ընդլայնվել. Զարուհի Բաթոյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հրատապ ռեժիմով նախաձեռնվել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի մշակում:

-Տիկին Բաթոյան, երկրում ստեղծված ճգնաժամով պայմանավորված` հաճախ բարձրաձայնվում է աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցը։ Այս ամենի համատեքստում առաջ է քաշվում աշխատանքի տեսչություն ունենալու կամ գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հավելյալ լիազորություններ տալու անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ նախարարությունում կային քննարկումներ, ասացեք խնդրեմ` ի՞նչ փուլում են:

-Այո, ճիշտ եք: Անհրաժեշտությունը կա, և մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին: Կարող եմ ասել, որ 2019 թ․ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների արդյունքում ընդամենը 1 տարի հետո Հայաստանում կրկին կներդրվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողության համակարգ։

-Հաշվի առնելով այն, որ այս պահին ո՛չ նախարարությունը, ո՛չ տեսչական մարմինը լիազորություններ չունեն միջամտելու աշխատանքային հարաբերություններին, հնարավոր է արագացված կարգով նախագիծ դրվի շրջանառության մեջ` գործող տեսչական մարմնի լիազորություններն ավելացնելու համար։

-Այո, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրատապ ռեժիմով նախաձեռնել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակում, որում, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է նաև ամրագրել, որ արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել:

-Մինչ առաջարկվող կարգավորումներն օրենքի ուժ կստանան, ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին բախվում են աշխատանքային իրավունքների խախտման խնդիրներին:

-Մինչ այդ, աշխատողները կարող են իրենց խախտված աշխատանքային իրավունքները, որոնք վերաբերում են աշխատավայրում իրենց առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը, պաշտպանել՝ դիմելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Այդ մարմնի միջոցով կարող են իրենց իրավունքները պաշտպանել նաև մինչև 18 տարեկան անձինք, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանայք և երեխա խնամող աշխատողները, եթե նրանց համար գործատուն չի ապահովում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները։ Մյուս դեպքերում աշխատանքային խախտված իրավունքի վերականգնման միակ տարբերակն այսօր դատարանն է:

2004 թվականին ստեղծվել էր Աշխատանքի պետական տեսչությունը, որի հիմնական գործառույթն էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնել գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի պահպանման նկատմամբ: Տեսչական բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի որոշմամբ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը լուծարվել է և ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ միաձուլվելով վերակազմակերպել ՀՀ առողջապահական պետական տեսչության: ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ ընդունվել է ներկայումս գործող տեսչական մարմնի կանոնադրությունը, որի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը վերակազմավորվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի։ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ, իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից: Նմանատիպ խնդիրների դեպքում քաղաքացին պետք է դիմի դատարան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է աշխատանքի տեսչության ինստիտուտը և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։ Օրենսգրքի նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից: Այսինքն՝ աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում արդեն կլինի հասցեական մարմին, որն արագ կարող է արձագանքել: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ նախարարությունն օրենքի նախագծով առաջարկում է արտակարգ դրության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տալ լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնելու։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին