Ապրիլյան պատերազմ. Ադրբեջանի ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականության տապալումը

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը երեք՝ հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ: Արցախի Պաշտպանության բանակին հաջողվեց կասեցնել Ադրբեջանի հարձակումը և անցնել հակահարձակողական գործողությունների: Ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց: Ապրիլի 2-5-ին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրեջանի բանակի կրած մարդկային և նյութական կորուստները զգալիորեն գերազանցեցին Արցախի պաշտպանության բանակի կորուստներին:

Չնայած մարտական գործողություններում ներգրավված զգալի մարդուժին և զինտեխնիկային, այդ թվում՝ վերջին տարիներին ձեռք բերված, Ադրբեջանի ԶՈւ-ն չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը՝ դուրս գալ օպերատիվ խորություն և ռազմական ճանապարհով բեկում մտցնել Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: Արցախի ՊԲ-ին հաջողվեց գրագետ պաշտպանողական և հակահարձակողական գործողությունների շնորհիվ ռազմավարական պարտության մատնել Ադրբեջանին:

2016թ. Ապրիլյան մարտական գործողությունների նախաձեռնումը 1994թ. մայիսին ձեռք բերված զինադադարից հետո Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյաց, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության ամենախոշոր դրսևորումն էր:

Ապրիլի 2-ին հրավիրված ԱԽ նիստի ընթացքում նախագահ Ի. Ալիևը, փորձելով արդարացնել Ադրբեջանի հարձակումը, մասնավորապես հայտարարել է. «….Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն մեկ սկզբունքի հիման վրա: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը, և Հելսինկիի ամփոփիչ ակտը հենց սա է թելադրում»:

Այս հայտարարությունը ևս փաստում է, որ Ադրբեջանի ռազմավարության մեջ կարևորվել է մարտական գործողությունների նախաձեռնումը:

Ապրիլի 2-5-ին տեղի ունեցած լայնամասշտաբ մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանին թեև հաջողվեց հյուսիսային և հարավային ուղղություններում գրավել մի քանի մարտական դիրք, սակայն Ադրբեջանի ԶՈւ-ն չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը՝ կրելով մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Արցախի ՊԲ-ին հակահարձակման շնորհիվ հաջողվեց հետ վերցնել կորցրած դիրքերի մի մասը և կասեցնել կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի պլանավորած հավանական գլխավոր հարձակումը:

Հայկական ուժերի արդյունավետ հարվածների հետևանքով էր, որ հենց կենտրոնական՝ Ակնայի (Աղդամ) ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակման նախապատրաստության կասեցման պայմաններում ապրիլի 4-ին ՊՆ Զ. Հասանովը ԶՈւ-ին ցուցում էր տվել պատրաստ լինել ծանր կրակային միջոցներով հարվածներ հասցնել Ստեփանակերտին և հայկական այլ բնակավայրերին: Նույն օրը՝ ապրիլի 4-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն առաջին անգամ մարտական գործողություններում կիրառեց ՏՕՍ-1Ա (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Բացի այդ գործողության էին դրվել նաև ԲՄ-21 «Գրադ» և ավելի հեռահար ԲՄ-30 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Մարտական գործողությունների առաջին օրվա պատկերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որդեգրել էր առաջին մարտակարգում հատուկ նշանակության մոբիլ խմբերի օգտագործմամբ արագ ճեղքում ապահովելու մարտավարությունը: Մասնավորապես հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, գործի էին դրվել Ադրբեջանի ԶՈւ 052 առանձին հատուկ նշանակության բրիգադի զինծառայողների ուժերը: Վերջիններս, սակայն, չնայած սկզբնական հատվածում հաջողած դիվերսիոն ներթափանցմանը, այնուհետև հայտնվեցին շրջափակման մեջ և կորցրեցին ավելի քան 30 զինծառայող, այդ թվում՝ միջին և բարձր սպայական կազմից: Ձախողվեց հատուկ նշանակության խմբերի և համազորային ստորաբաժանումների ներդաշնակումը, ինչը հանգեցրեց անակնկալ հարձակմամբ ճեղքում ապահովելու մարտավարության ձախողման: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը գործի դրեց ծանր հրետանային միջոցներ՝ այդպիսով գործողությունները փոխադրելով դիրքային մարտի և ձախողելով իր նախաձեռնած ռազմագործողությունը: Հարցի մյուս կողմն է, որ այդ համակարգերի գործադրումը, մասնավորապես «Սմերչ ՀԿՌՀ-ների դեպքում, ամբողջությամբ ձախողվեց:

Գործողությունների նման ընթացքը ստիպեց գնալ հրադադարի. ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո լայնամասշտաբ մարտական գործողությունները դադարեցվեցին: Կանխվեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

Մարդկային կորուստների վերաբերյալ Ադրբեջանը ճշգրիտ և վերջնական տվյալներ չի հայտնել՝ ինչպես միշտ թաքցնելով կորուստները, սակայն բաց աղբյուրներում ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ մարտական գործողություններում Ադրբեջանի ԶՈւ-ն կորցրել է առնվազն 93 զինծառայող: Հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի կորուստները եղել են առնվազն 70, իսկ հարավային՝ Ֆիզուլիի ուղղությամբ՝ առնվազն 22: Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստների մեջ զգալի թիվ են կազմում հատուկջոկատայինները:

Իրականում Ադրբեջանի կորուստները ավելի շատ էին, ինչի մասին խոսում է մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը 2016 թ. մայիսի 16-ին տված մամուլի ասուիսում նշել էր, որ, իրենց տեղեկություններով, կողմերն ընդհանուր ունեցել են շուրջ 350 կորուստ: Ըստ նույն հայտարարության՝ Ադրբեջանը մեծ թվով կորուստներ է ունեցել, այդ թվում՝ Հայաստանի հետ համեմատությամբ:

Ըստ Արցախի պաշտպանության բանակի հայտնած տեղեկությունների՝ Ադրբեջանը նաև ունեցել էր իր հայտարարածից անհամեմատ մեծ թվով զինտեխնիկայի կորուստներ, այդ թվում՝ 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահամեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ (Ադրբեջանն ընդունում է միայն մեկ ուղղաթիռի կորուստը), 12 անօդաչու թռչող սարք:

Ապրիլի 2-5-ին, ըստ Արցախի ՊԲ հաղորդագրությունների, զոհվել էր 64 զինծառայող և 13 կամավորական: Զինտեխնիկայի կորուստները կազմել էին՝ 14 տանկ (որից 6-ը նորոգվել ու վերադարձվել է շարք), 4 ՀՄՄ (ԲՄՊ), 1 «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայան:

Ըստ հայկական կողմի՝ տարածքային կորուստը կազմում է ընդհանուր մոտ 800 հա, ինչն իր խոսքում նշել է նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն գրավել է ավելի քան 2000 հա տարածք:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը Kavkaz-uzel.eu կայքում հրապարակված հոդվածում նշել է, որ քարտեզների վերլուծության արդյունքում արած եզրակացության համաձայն՝ Արցախն ընդհանուր առմամբ կորցրել է 9.93 կմ քառ. կամ 993 հեկտար (ըստ Հ. Միքայելյանի՝ իր առաջին գնահատմամբ հայկական կողմի տարածքային կորուստը եղել է 795 հա): Ամեն դեպքում, պետք է նշել, որ այս տվյալները ճշգրիտ չեն, արված են քարտեզների հիման վրա և կարող են որոշակիորեն տարբերվել: Նշենք, որ Արցախի ընդհանուր տարածքը ներկայումս կազմում է շուրջ 11500 կմ քառ., իսկ այդ 800-900 հեկտարը, կամ 8-9 կմ քառ. կազմում է ընդհանուր տարածքի շուրջ 0,07 տոկոսը: Հասկանալի է, որ նման մարդուժ և զինտեխնիկա կենտրոնացնելու դեպքում այսպիսի համեմատաբար շատ փոքր տարածքի գրավումը չի կարող այս պարագայում համարվել «հաջողություն»:

Ապրիլյան մարտական գործողությունների ողջ ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային մի շարք կոնվենցիաներ: Մասնավորապես Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները հյուսիսային՝ Թալիշ գյուղում դաժանորեն սպանել են բնակիչներ Վալերի Խալափյանին, նրա կնոջը և 1924 թ. ծնված 92-ամյա Մարուսյա Խալափյանին՝ խեղելով նրանց մարմինները։ Ադրբեջանի ԶՈւ հրետանային հարվածների հետևանքով Զորավան (Ներքին Ճարտար) համայնքի դպրոցի դիմաց սպանվել էր 2004թ. ծնված Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, և վիրավորվել էր ևս երկու երեխա:

Բացի այս, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ 2016 թ.-ին հրապարակած զեկույցի, Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության գոտում հայտնված Արցախի ՊԲ 28 զինծառայողի 90 տոկոսի նկատմամբ ևս կիրավել է մահվամբ պատիժ, նրանց մարմինները խեղվել են, այդ թվում եղել են բազմաթիվ անդամահատության դեպքեր, ինչպես մահվանից հետո, այնպես էլ՝ կենդանության ժամանակ: Գրանցվել է 3 գլխատման դեպք:

Մասնավորապես համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ՊԲ սպանված զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի կտրված գլուխը գյուղերում ցուցադրում բնակչությանը և հպարտանում իրենց «հերոսությամբ»: Որոշ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի կայքը հրապարակեց լուսանկար, որտեղ երևում էր, որ այդ երկրի նախագահը պարգևատրում է նշված «հերոսությունն» իրականացրած զինծառայողին:

Այս ամենը ևս հստակ ցույց են տալիս, որ ռազմական ուժի կիրառմամբ քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը ոչ միայն անտեսում է ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև հենց պետական ամենաբարձր մակարդակով խրախուսում ռասիզմը և ռազմական հանցագործությունները՝ ինչը վառ կերպով արտահայտվեց նաև Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: Ապրիլյան պատերազմի ընթացքը մեկ անգամ ևս հաստատեց, որ Արցախի բնակչության անվտանգությունը կարող է երաշխավորված լինել միայն սեփական զինուժի միջոցով այդ անվտանգության երաշխիքները ապահովելու դեպքում:

Արամ Կոստանյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում