Ուկրաինայից չարտերային չվերթով Հայաստան կժամանի ավելի քան 60 ուղևոր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «SkyUp»ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով մարտի 25-ին Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։
«Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- գրել է Սեյրանյանը:
Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: