Հասարակական

Միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն կլինի

2 րոպեի ընթերցում

Միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն կլինի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Մ. Հայրապետյանը:

Գործող օրենքի համաձայն, աշակերտները միայն անվճար հիմունքներով կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական հաստատություններում: Առաջարկվում է հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Ինչպես հայտնել էր Հայրապետյանը՝ այդ փոփոխությամբ, օրինակ, Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում