ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գործարկվել է ac19.am հավելվածը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հարցման մասնակցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետը նշել է, որ հավելվածը քաղաքացուն կօգնի կողմնորոշվել և հասկանալ, թե կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:
Ավինյանը ընդգծել է, որ քաղաքացին հարցաշարին պետք է հնարավորինս ճշգրիտ պատասխանի։
« Ճշգրիտ պատասխաններից համաճարակաբանները կհասկանան ձեր վիճակը և արդյոք որևէ միջոց պետք է ձեռնարկել, թե ոչ։ Այդ ամբողջ տվյալները կուտակվելու են մեզ մոտ և այդ տվյալների վերլուծության համար մի փոքր ժամանակ է պետք գալու, բայց պետք է համոզված լինեք, որ այդ տվյալների վերլուծության արդյունքում, եթե կարիքը կա, համաճարակաբանները կկապնվեն ձեզ հետ»,- ասել է Ավինյանը։
Ըստ փոխվարչապետի՝ ներկայումս հավելվածը հասանելի է android համակարգով հեռախոսների համար, հետագայում iOS-ով նույնպես հասանելի կլինի։ Հարցաշարին հնարավոր է պատասխանել նաև համակարգչի միջոցով՝ ac19.am հասցեով։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: