Զարեհ Մելիք-Շահնազարյանը՝ 1920թ. Շուշիի հայերի ջարդերի մասին
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1920թ. մարտի 23-ին՝ Նովրուզի օրերին, ադրբեջանական զորքերը, Մեծ Բրիտանիայի աջակցությամբ Ղարաբաղի գեներալ-նահագապետ նշանակված Խոսրով բեկ Սուլթանովի հրահանգով, ներխուժում են Շուշիի հայկական թաղամաս ու հիմնահատակ ավերում, թալանի, հրի ու սրի մատնում այն: Շուշիի հազարավոր հայ բնակիչներ դառնում են երեք օր շարունակվող ջարդերի զոհ ու դաժանորեն սպանվում, իսկ տասնյակ հազարավոր հայեր լքում են քաղաքը: Երբեմնի ծաղկուն քաղաքում, որտեղ տարիներ շարունակ մեծամասնություն էին կազմում հայերը, 1921 թ. դրությամբ գրեթե հայ չէր մնացել:
Շուշիի ողբերգական իրադարձությունների ականատես ու ինքնապաշտպանական մարտերի մասնակից Զարեհ Մելիք-Շահնազարյանը «Ղարաբաղյան զինվորի գրառումներ» («Записки карабахского солдата») գրքում գրում է, որ մարտի 23-ին «թուրքերը սկսում են լայնածավալ հարձակումը» (Ի նկատի ունի Ադրբեջանի զորքերը՝ խմբ.)։
Մինչ այդ ևս պարբերաբար տեղի էին ունենում հարձակումներ և ընդհարումներ։ 1919 թ. հունիսի 4-5-ին կոտորածներ էին եղել Շուշիում և մերձակա գյուղերում, որին զոհ էր գնացել շուրջ 500-600 հայ: Հունիսյան կոտորածից հետո՝ օգոստոսի 22-ին, Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը ստիպված էր եղել գնալու որոշակի զիջման և Ադրբեջանի հետ ստորագրելու ժամանակավոր համաձայնագիր: Սակայն հետագա ամիսների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խախտում էր համաձայնագրի դրույթները, իսկ 1920 թ. մարտին որոշում է Շուշիի հարցը վերջնականորեն «լուծել»՝ հայ բնակչության կոտորած կազմակերպելով:
Շուշիի մարտյան ջարդերից մի քանի օր առաջ թաթարաների հետ բախումներում ծանր վիրավորվում և մահանում է Զարեհ Մելիք-Շահնազարյանի հայրը՝ հայտնի ինժեներ, Լեռնային Ղարաբաղի ռազմական խորհրդի անդամ ու ինքնապաշտպանական մարտերի մասնակից Սամսոն բեկ Մելիք-Շահնազարյանը
«Մարտի 23… իմ հարազատ քաղաքի վերջին օրն էր… Մարտի 23-ին՝ առավոտյան շուտ, ես արթնացա՝ լսելով ուժեղ կրակոցներ...»։ Զ. Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ հաձակումը հիմնականում անսպասելի էր, քանի որ այդ օրը հայկական կողմը գրագետ և կազմակերպված դիմադրության պատրաստ չէր. քաղաքում զինված մարդիկ քիչ էին, չկային մարդկանց կազմակերպելու ու առաջնորդելու ունակ սպաներ, միայն արձակուրդում գտնվողներն էին:
Հարձակման անցնելով՝ թաթարները սկսում են հրդեհել հայերի բնակարանները, այլ շենքեր: Քաղաքի հայկական մասի ուղղությամբ փչող քամին արագորեն տարածում է հրդեհը: Թեև տները հիմնականում քարե էին, սակայն յուղաներկերով ներկված փայտե տանիքները, ծածկապատշգամբերը և հենածածկերը արագորեն հրդեհվում են:
«Թուրքերն առաջ էին շարժվում դեպի Շուշիի հայկական թաղամաս՝ կրակի, հրի ու թալանի մատնելով քաղաքը, լքել չհասցրած խաղաղ բնակիչներին ու նրանց տները»: Զ. Մելիք-Շահնազարյանը իր մի քանի ընկերների հետ սկսում է ինքնապաշտպանությունը: Փոխհրաձգության ընթացքում սպանվում են նրա փոքր եղբայրն ու մորաքույրը։ Նրան հաջողվում է մորը, քույրերին ու եղբայրներին դուրս բերել և ուղեկցել մինչև Քարինտակի ճանապարհը, որտեղ նրանք քաղաքը լքող մյուս բնակիչների հետ ուղևորվում են հարևան հայկական գյուղերը։ Զարեհը վերադառնում է և ընկերների հետ շարունակում ինքնապաշտպանությունը։
Դիմադրության ընթացքում նրանց է միանում հարևանությամբ բնակվող 16-ամյա Սուրենը, որի ընտանիքի անդամներին՝ մորը, երկու եղբայրներին ու քույրերին բռնաբարել ու սպանել էին։ Սպանվել էր նաև նրա հայրը։
Դիմադրությունից հետո նրանք տեղեկանում են, որ մի մեծահարուստի բակում հավաքվել են բազմաթիվ տեղահանվածներ, որոնց պահում է քաղաքի նախկին ղեկավար ռուսամոլ և թրքամոլ Գիգի աղա Խալանթարեանը։ Վերջինս հայտարարել էր, թե հավաքված հայերին կփրկի, ու նրանց հետ ոչինչ չի պատահի։
Զարեհը հավաքված շուրջ 500-600 հոգուն ասում է, որ հրամանատարը սպասում է նրանց Քարինտակի ճանապարհին։ Սակայն քչերն են միանում նրան ու լքում այդ բակը։ Մարդկանց մեծ մասը, հավատալով Գիգի աղայի խոստումներին, մնում է այստեղ և ժամեր անց սպանվում։
Շուշիի հրդեհից ու կործանումից չորս օր անց Զ. Մելիք-Շահնազարյանը փախստականների շրջանում հանդիպում է Տաթևիկ անվամբ Շուշիի մի բնակչի։ Նա պատմում է Զարեհին, որ բակ են ներխուժել թուրքերը, բռնաբարել կանանց ու աղջիներին, ամենագեղեցիկներին վերցրել իրենց, իսկ մնացածին սպանել։ Բռնաբարել ու սպանել են նաև տղաներին։ Հետո սկսել են հաշվեհարդար տեսնել գերի տղամարդկանց ու պատանիների հետ, որոնց, նախազգուշական միջոցառումներից ելնելով, կապել էին։ Նրանց հերթով մոտեցրել են դահիճին, որը նստած է եղել՝ աջ ձեռքում սուր դանակ բռնած։ Դահիճը կտրել է քահանա Տեր-Հարությունի գլուխը, հետո քահանայի գլուխը ցուցադրաբար տարել են քաղաքի թաթարական թաղամասի փողոցներով պտտելու:
Հանրության առջև դահիճը դաժանաբար սպանել է նաև 15-20 տարեկան 60 պատանու, այդ թվում նրա 14-ամյա որդուն: Դաժան տեսարանից ուշագնաց լինելով և հետագայում աչքերը բացելով, նա ասել է. «Ես չեմ փկվել ապրելու համար։ Աստված ինձ փրկել է, որ ես մեր հայրենակիցներին պատմեմ՝ ինչ են արել դահիճ-մուսավաթականները Շուշիի հայերի հետ»։
Զարեհ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Այն ժամանակ, երբ մենք լքեցինք Գիգի աղայի բակը, որտեղ բազմաթիվ մարդիկ կային, քաղաքի հոգեվարքը շարունակվում էր։ Մենք տեսանք՝ ինչպես են շուշեցիները երկար շարանով մթնշաղի մեջ Քարինտակի ճանապարհով գնում դեպի հայկական գյուղերի կողմը, որտեղ նրանց սպասում էր փրկությունը… Նրանք, ովքեր ողջ էին մնացել, լքեցին մեռնող «փոքրիկ հայկական Փարիզը», ինչպես շատերն էին անվանում Շուշին»։
Ահա այսպես են Շուշիի հայ բնակիչները հրաժեշտ տվել իրենց սիրելի և հարազատ քաղաքին։ Հարազատ քաղաքի ողբերգական կործանումը ծանր և անբուժելի հետք է թողել նրանց հոգիներում, որը նույնիսկ իրադարձություններից տասնյակ տարիներ անց երբեք չի մոռացվել։
Մինչ օրս 1920 թ. մարտի 23-26-ի ջարդերի զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 8-10 հազար զոհերի մասին, ինչը կազմում էր քաղաքի հայկական բնակչության գրեթե կեսը: Շուշիի մնացած հայ բնակիչները լքում են քաղաքը՝ հաստատվելով հարակից գյուղերում: Խորհրդային տարիներին Շուշիում գրեթե հայ չէր մնացել:
Զ. Մելիք-Շահնազարյանի վկայությունները ներկայացված են կրճատումներով։ Ամբողջական տարբերակը, ինչպես նաև «Ղարաբաղյան զինվորի գրառումներ»-ը հրապարակված է Sumgait.info կայքում։
Գոհար Գրիգորյան