2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում մարտի 18-ի ժամը 11:50-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը բուքի պատճառով փակ է. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները:
Տավուշի մարզում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցք, Ամասիա գյուղերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան, Ամասիա, Կարմրավան գյուղերում բուք է: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: