Հասարակական

Գործարարները պատրաստ են ներդրում կատարել  հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղում

2 րոպեի ընթերցում

Գործարարները պատրաստ են ներդրում կատարել  հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գործարարները պատրաստ են ներդրում կատարել հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող նախկին Խարկով, ներկայիս՝ Նորշեն գյուղում: Իսկ մինչ այդ գյուղ մտնելու գործընթացը կհեշտացվի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Սահմանակից գյուղի՝ առանց անցաթուղթ մուտք գործելու հարցըդեռ նախորդ տարի էր քննարկվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում. արդյունքում՝ որոշվել էր հասնել սահմանային ռեժիմի փոփոխության: «Ես, որպես մարզպետ, առնվազն 5-6 նման առաջարկ եմ ստացել՝ սկսած սեփական տան առկայությունից մինչեւ տարբեր ծառայությունների մատուցում: Մարդիկ սպասում են ընթացակարգերի ավարտին եւ կարգավիճակի հստակեցմանը: Ուզում են հստակ իմանալ, թե այդ տարածքում ինչպես եւ ինչ ծառայություն հնարավոր կլինի իրականացնել»,- նշեց Շիրակի մարզպետը:

Հայտեր են ստացվել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գործարարներից: Սահմանային ռեժիմի փոփոխությունն, ըստ մարզպետի, ենթադրում է մուտքի պարզեցում: «Իհարկե, վերահսկողական գործիքներ կլինեն, բայց ամեն ինչը կլինի շատ պարզ, առանց բնականոն հոսքերին խանգարելու»,- հավելեց մարզպետը:

Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պարտադիր պետք է ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատեւ գործընթաց է: Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Գյուղն այսօր ունի միայն մեկ բնակիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում