Փաշինյանը հայ-վրացական գործընկերությունը տարածաշրջանում կայունության կարևոր երաշխիքներից է համարում
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները: Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր համագործակցության համար»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետն արձանագրում է, որ այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում հայ-վրացական բարեկամությունը և ավելի ամրապնդում համագործակցության ձգտումը: «Դա նախևառաջ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ: Հիրավի, ժողովրդավարության հաղթանակն ու օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա հավելեց, որ իր և Վրաստանի վարչապետի միջև տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին շարունակել անցած տարվա հոկտեմբերին Երևանում սկսած քննարկումները: Հայաստանի և Վրաստանի վարչապետերն ուրախությամբ ընդգծել են, որ երկարատև դադարից հետո անցած տարվա հունիսին Երևանում անցկացվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
«Անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետևողական իրագործման անհրաժեշտությանը: Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարևորությունը: Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի մասին է: Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերվում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանը և գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը: Մեր կողմից առաջարկվեց քայլեր ձեռնարկել երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կապն ամրապնդելու ուղղությամբ»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ իր վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը: «Աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է: Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Այս առումով խիստ կարևորում եմ միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշումների պահպանումը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ հայ-վրացական ավանդական, եղբայրական հարաբերությունների համատեքստում ցանկանում է ընդգծել վիրահայերի ունեցած նշանակալի ավանդը երկու երկրների հարաբերություններում: «Երախտապարտ ենք վիրահայության ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետևողական քայլերի համար»,- նշեց նա:
Եզրափակելով խոսքը՝ Հայաստանի ղեկավարը ընդգծեց բարձր մակարդակով պարբերական շփումների անհրաժեշտությունը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նշեց, որերկուերկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և ամեն օր պետք է աշխատեննրա համար, որ համագործակցությունը դառնա էլ ավելի արդյունավետ:
«Պարոն վարչապետ, նախ շնորհակալություն եմ հայտնում իմ` Երևան կատարած այցի և ջերմ ընդունելության համար: Մենք խոսեցինք այդ մասին, և համոզված եմ, որ այսօրվա Ձեր այցն է՛լ ավելի արդյունավետ կլինի նրա համար, որ մեր երկրների քաղաքացիներն է՛լ ավելի զարգացած լինեն ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության հարցերում: Մենք այսօր խոսեցինք մեր երկրների բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հետագա խորացման մասին: Տարբեր ոլորտների անդրադարձանք՝ անվտանգության, մշակույթի, կրթության, տնտեսության և նախանշեցինք պլաններ, որոնք մեր երկու երկրների հարաբերությունները նոր որակական աստիճանի կբարձրացնեն:
Վրացական կողմն ընդգծեց այն հարցը, որ մեր տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումը խիստ կարևոր է ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային զարգացման համար, նաև նշեցինք, որ Եվրաատլանտյան դաշինքում ամրագրվելու որոշումը Վրաստանի քաղաքացիներինն է, և մենք անսասան այդ ճանապարհի վրա ենք»,- ասաց Գախարիան:
Նրա խոսքով՝ չնայած երկու երկրների տարբեր արտաքին քաղաքական ուղղություններին, իրենքհամաձայնել են, որ անհնար է որևէ այլ հարթություն լինի այդ հարցում, ընդգծել են, որ ժողովրդավարության որակը կնպաստի համագործակցության արդյունավետությանը տնտեսության մեջ, տարանցիկ ուղիների իրականացման, մշակույթի և այլ հարցերում: «Մենք ողջունում ենք Վրաստանի ակտիվ համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում և համարում ենք, որ սա այն ուղղությունն է, որտեղ մեր երկրները պետք է համագործակցեն արդյունավետ: Պարոն վարչապետ, մեկ անգամ ևս շնորհակալություն այն այցի համար, որ վրացական կողմը Երևանում իրականացրեց: Բարի գալուստ Թբիլիսի և համոզված եմ՝ այս երկու օրն արդյունավետ կանցկացնենք` ելնելով մեր քաղաքացիների շահերից»,- ասաց Վրաստանի վարչապետը: