Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարարը վերահաստատել է Սիրիայում մարդասիրական առաքելությունը շարունակելու ՀՀ պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը վերահաստատել է Սիրիայում մարդասիրական առաքելությունը շարունակելու ՀՀ պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին հանդիպեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվեց այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում:

Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում